Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 14-րդ շրջանային հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 9-16-ը կազմակերպում է շախմատային փառատոն՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Փառատոնի շրջանակում հունվարի 9-ին մեկնարկել է շրջանային հուշամրցաշար Հայաստանի, Վրաստանի, Շվեդիայի, Ղազախստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մասնակիցների կազմում են աշխարհի 18 տարեկանների չեմպիոն Ալեքսեյ Գրեբնևը և Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Արսեն Դավթյանը:
Շրջանային մրցաշարն անցկացվում է միջազգային գրոսմայստերի և վարպետի նորմաներով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ փառատոնի շրջանակում կանցկացվի նաև պատանեկան մրցաշար, որին մինչև 18 տարեկան շուրջ 600 տղաներ և աղջիկներ կմասնակցեն: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլերով:
Պատանեկան մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է շուրջ 2,5 մլն ՀՀ դրամ: Տարբեր տարիքային խմբերում անցկացվող մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն նաև մեդալներով և պատվոգրերով: