«Աբովյան», «Արթիկ» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում իրականացվել են Ջրօրհնեքի և Տնօրհնեքի ծիսական կարգերը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ հիմնարկի եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը Հայ եկեղեցու սպասավորների հետ համատեղ ազատազրկված անձանց և հիմնարկի վարչակազմի համար անցկացրել է Ջրօրհնեքի կարգ՝ նախ ներկայացնելով սրբազան տոնի խորհուրդը, այնուհետև երգերի և աղոթքների ուղեկցությամբ օրհնելով ջուրը։
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցել Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։ Միջոցառմանը օժանդակել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը։ Տեր Զենոն քահանայի ձեռամբ իրականացվել են Ջրօրհնեքի և Տնօրհնեքի ծիսական կարգերը, աղոթքներով և շարականների երգեցողությամբ, Սուրբ Խաչով, Ավետարանով և մյուռոնով օրհնվել են ջուրը, աղը, հացը։ Արարողությանը ներկա են գտնվել հիմնարկի վարչակազմը և անազատության մեջ պահվող 46 անձ։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ևս ՍՀԻԱ բաժնի օժանդակությամբ և կին դատապարտյալների, կալանավորված անձանց մասնակցությամբ անցկացվել է Ջրօրհնեքի արարողություն: Հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը հիմնարկի կրոնական անկյունում օրվա խորհրդին նվիրված մեկնություններով, աղոթքներով և շարականների երգեցողությամբ օրհնել է ջուրը:
Արարողություններից հետո սրբագործված ջուրը, որպես հոգու և մարմնի նորոգության միջոց, օրհնված աղը և հացը բաժանվել են ներկաներին: