Եվրամիության երկրների մեծամասնությունը բավականաչափ զենք չի մատակարարում Ուկրաինային. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիության երկրների մեծամասնությունը բավականաչափ զենք չի մատակարարում Ուկրաինային, որպեսզի օգնի Կիևին՝ դիմակայել ռուսական ներխուժմանը:
Լյուքսեմբուրգի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Շոլցը դաշնակիցներին կոչ է արել ավելացնել ջանքերը:
«Որքան էլ նշանակալի լինի Գերմանիայի ներդրումը, դա բավարար չի լինի երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
Նա հայտնել է, որ Բեռլինը ԵՄ-ի առանձին անդամ երկրներից խնդրել է տեղեկացնել, թե ինչ մատակարարումներ են նախատեսում:
Օլաֆ Շոլցը հույս է հայտնել, որ դաշինքը կհամաձայնեցնի Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթի տրամադրումը փետրվարի 1-ին կայանալիք արտահերթ գագաթնաժողովի ժամանակ: