Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել Մաքսային և սահմանային պարզեցված ռեժիմը, բայց ոչ անարգել անցումը. Սարգիս Խանդանյան․ «Ազատություն»
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել Մաքսային և սահմանային պարզեցված ռեժիմը, բայց ոչ անարգել անցումը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Նրա խոսքով՝ դրանք կարմիր գծեր են, որոնք Հայաստանը չի կարող զիջել։
«Ապաշրջափակման գործընթացը պետք է իրականացվի հստակ սկզբունքների հիման վրա՝ իրավազորություն, ինքնիշխանություն, հավասարություն, և շատ կարևոր է, որ ինչպես բեռների, այնպես էլ քաղաքացիների անվտանգության ապահովման համար պետությունների սահմաններին գործեն մաքսային և վերահսկողության այլ մեխանիզմներ», — նշել է նա:
Խանդանյանի խոսքով՝ գոյություն ունեն մաքսային և սահմանային հսկողության տարբեր մեթոդներ, այդ թվում՝ պարզեցված։ Կիրառվում են նաև որոշակի ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք քննարկման և բանակցությունների առարկա են։
Սակայն անարգել երթևեկելը, ինչպես փորձում են ձևակերպել, Հայաստանի համար անընդունելի է, քանի որ դա որոշ չափով կրկին ենթադրում է էքստերիտորիալություն, ինչը երկրի ինքնիշխանության խախտում է։