Վարչապետի այցից հետո եղած հրաժարականները ազդակ են նաև ինձ համար, թե ինչպես պետք է աշխատել․ Մինասյան
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր իր ամփոփիչ ասուլիսում անդրադարձ կատարեց վարչապետի մարզային այցերի ժամանակ որոշ աշխատանքներում ի հայտ եկած թերությունների հետևանքով ազատված պաշտոնյանների դեպքին։
Նրա խոսքով՝ վարչապետի այցից հետո եղած հրաժարականները նաև իր համար են ազդակ, թե ինչպես պետք է աշխատել։
«Վարչապետի այցերի արդյունքում բոլորս հրաժարականներ տեսանք, համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ եղան. թերի աշխատանքը անպայման պետք է ունենա իր հետևանքը։ Իմ ունեցած ինֆորմացիայով՝ քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն, Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է, որպեսզի հասկանան մրցույթների հայտարարման տեխնիկական առաջադրանքներում, աշխատանքի ընդունման-հանձնման ընթացքում կա՞ անհամապատասխանություն: Եթե նման դեպքեր լինեն, բնական է՝ վարույթներ կլինեն»,- ասաց Մինասյանը:
Նախարարը կարծում է, որ շատ նորմալ գործընթաց է՝ երբ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, բնականաբար, պետք է հետևանքներ լինեն․ «Շատ հաճախ այլ պայմաններում, կամ նախկինում դա կարող էր լինել ավելի թաքնված և ոչ հանրային, հուրախություն մեր քաղաքացիների՝ այժմ բաց է տեղի ունենում դա, նաև ազդակ է բոլոր գերատեսչություններին, դրանց ղեկավարներին, նախարարներին, անձամբ ինձ, թե ինչպես է պետք աշխատել, և ինչ նոր նշաձող է սահմանում երկրի ղեկավարը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքից ազատվել են: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գնացել էր Լոռու մարզ, այցելել նորակառույց դպրոցներ և հաստատություններում արձանագրել բազմաթիվ խախտումներ, ինչով էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր երկու պաշտոնյաների ազատումը:
Նրանց աշխատանքից ազատմանը հաջորդեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնից ազատումը: