Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 121 ուսումնասիրություն դադարեցվել է հենց դատախազության կողմից (տեսանյութ)
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթները կարճվում են նաև դատախազությունում։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են՝ «Իրավասու մարմինը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված կարգով կայացրել է ուսումնասիրության դադարեցման վերաբերյալ թվով 121 որոշում, որոնցից 63-ը՝ 2023 թվականին»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործերով վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ թվով 438 ուսումնասիրություն, որոնցից 82-ը՝ 2023թ ընթացքում։ Ներկայում ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ թվով 94 հայցադիմում, որոնցից 71-ը ներկայացվել է 2023 թվականին։ Ստացվում է, որ այս տարիներին ավելի շատ թվով ուսումնասիրություններ դադարեցվել են՝ չգտնելով գույքի ապօրինի ձեռք բերման հիմքեր, քան գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացվել դատարան. 121 ուսումնասիրություն դադարեցվել է եւ միայն 94 դեպքով հայցադիմում ներկայացվել։
Դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատարան ներկայացված հայցադիմումներից որևէ մեկով դեռևս որևէ դատավճիռ կայացված չէ, հայցադիմումներից միայն 7-ն է գտնվում բուն դատաքննության փուլում։ Միևնույն ժամանակ, դատախազությունից հայտնել են, որ կնքել է թվով 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ-ին է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև՝ շուրջ 80 միլիոն ՀՀ դրամ։ Կնքված հաշտությունների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 200 մլն ՀՀ դրամ։ Նշված հաշտության համաձայնություններից 2-ը կնքվել է դատական փուլում, իսկ 2-ը՝ արտադատական։