Մարտունիից բանակ ճանապարհվեցին 2024 թվականի ձմեռային զորակոչի առաջին խմբի նորակոչիկները. Լուսանկարներ
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից հայոց բանակ են ճանապարհվել 2024 թվականի ձմեռային զորակոչի առաջին խմբի նորակոչիկները։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորել է նորակոչիկներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ու «միաժամանակ այս ուրախ ու նշանակալի օրվա առիթով»։
«Բոլորիդ բախտ է վիճակվել հպարտորեն կրելու Հայոց բանակի զինվորի համազգեստը, լինելու մեր հայրենիքի սահմանների արթուն պահապանները։
Այո, մեր հայրենիքը հիմա առաջնագծում առավել քան զգում է խելացի, կիրթ, գրագետ, բանիմաց, քաջ ու անձնուրաց զինվորի կարիքը։ Իսկ ես միանգամայն վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կամքով ու հոգեբանորեն պատրաստ է բարեխղճորեն ու պարտաճանաչորեն կատարել իր պարտքը, բարձր պահել իր հայրենիքի, ընտանիքի, զորամասի, հրամանատարների, վերջապես՝ հայ զինվորի պատիվը։
Իմ հորդորն ու խրատն է ձեզ՝ զինվորական ծառայության մեջ լինել աչալուրջ ու ընկերասեր, պարտաճանաչ, հարգել ու միշտ կատարել հրամանատարների հրամանները, տիրապետել զինվորական գործին, չընկճվել ոչ մի դժվարության առաջ։ Նաև շատ կարևոր է, որ ձեր ծնողները, ընտանիքի անդամները միշտ տեղեկանան միայն ձեր ձեռքբերումների, ձեր արիության ու պարտաճանաչ ծառայության մասին։
Մաղթում եմ խաղաղ ու անվտանգ ծառայություն ու սրտանց ցանկանում, որ երկու տարի անց այս նույն կազմով, առողջ, հպարտ ու հասուն տղամարդկանց պես վերադառնաք ձեր ընտանիքներ»,- ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Այնուհետ նորակոչիկներն այցելել են Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ստացել հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվներ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի և Տեր Երեմիա քահանա Սարգսյանի օրհնությունը։
Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև 2024 թվականի հունվարի վերջ։