2024-ին ինչ-որ տեղ վտանգավոր պահ է Հայաստանի համար․ Թոմ դե Վաալ. azatutyun
2024-ին Հայաստանին սպասում են բազմաթիվ մարտահրավերներ, համոզված է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը։
«Ազատության» հետ զրույցում Վաալն ընդգծել է՝ Հայաստանը առերեսվելու է ոչ միայն Ադրբեջանից եկող սպառնալիքի, այլև Ռուսաստանի հետ հարաբերությունների կորստի կամ խզման սպառնալիքի հետ։
Հրայր Թամրազյան․ - Անցյալ ամիս Դուք շատ կարևոր վերլուծություն եք հրապարակել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, որը վերնագրված է «Հայաստանի գոյաբանական պահը»։ Վերնագիրն ինքնին շատ խոսուն է։ Ի՞նչ եք կարծում, սա իսկապե՞ս Հայաստանի համար վճռորոշ, գոյաբանական պահ է։ Կարո՞ղ եք, ընդհանուր առմամբ, բացատրել, որից հետո մենք արդեն մանրամասն կխոսենք:
Թոմ դե Վաալ․ - Իհարկե: Դե, վերնագիրն իմը չէր, բայց, անկասկած, սա շատ վճռորոշ, կարևոր, ինչ-որ տեղ վտանգավոր պահ է Հայաստանի համար 2024 թվականին: Երկիրը կանգնած է թերևս ամենադժվար ընտրությունների առջև՝ համեմատելի 1980-ականների վերջին կամ նույնիսկ 1920-ականների իրավիճակի հետ: Խոսքն, իհարկե, Ղարաբաղի կորստի և այնտեղից հայ բնակչության փախուստի մասին է։ Սա լուրջ պահ է Հայաստանի համար, որը ոմանք համեմատում են 1920 թվականի կամ նույնիսկ 1915 թվականի Ցեղասպանության հետ։ Սա նաև կլինի այն տարին, երբ Հայաստանը առերեսվելու է ոչ միայն Ադրբեջանից եկող սպառնալիքի, այլև Ռուսաստանի հետ հարաբերությունների կորստի կամ խզման սպառնալիքի հետ: Այսպիսով, 2024 թվականին Հայաստանին անկասկած սպասում են բազմաթիվ մարտահրավերներ։