Մասկն արձագանքել է թմրանյութերի օգտագործման մեղադրանքներին
Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը Իքս սոցիալական ցանցի (նախկին twitter) իր էջում հերքել է այն տեղեկությունը, թե ինքը թմրանյութ է օգտագործում: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Գործարարը նշել է, որ երեք տարվա ընթացքում ընտրանքային թեստերի ընթացքում իր օրգանիզմում արգելված նյութերի և ալկոհոլի «նույնիսկ հետքեր» չեն հայտնաբերվել:
Նախօրեին The Wall Street Journal պարբերականը գրել էր, որ Tesla-ի եւ SpaceX-ի տնօրենների խորհրդում կարծում են, որ Մասկը թմրանյութեր է օգտագործում, ինչպես նաեւ մտավախություն ունեն, որ դա կարող է ազդել իրեն պատկանող ակտիվների ճակատագրի վրա:
Արգելված նյութերի նկատմամբ գործարարի հնարավոր հակումը կարող է վտանգել SpaceX-ի հետ բազմամիլիոնանոց պետական պայմանագրերի կնքումը: Գործարարի փաստաբան Ալեքս Սփիրոն պատմել է, որ գործարարը պարբերաբար արյան մեջ թմրանյութերի պարունակության ստուգումներ է անցնում: Նրա խոսքով՝ միլիարդատերը ոչ մի անգամ չի ձախողել այդ ստուգումները։