Գիտնականները նոր մեթոդի միջոցով պարզել են, թե ինչ արագությամբ են ծերանում մեր օրգանները
News.am-ը գրում է․ Ինչպես ցանկացած սովորական մեքենայի, տան կամ հասարակության դեպքում է, մեր մարմնի մասերի քայքայման արագությունը ևս տարբեր է:
Սթենֆորդի համալսարանի գիտնականների կողմից 5678 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ մեր օրգանները տարբեր արագությամբ են ծերանում:
Ըստ հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, 50 և բարձր տարիքի համեմատաբար առողջ 5 մարդուց 1-ի մոտ առնվազն օրգաններից մեկը զգալիորեն ավելի արագ տեմպով է ծերանում։
Ընդ որում, հետազոտողների կարծիքով, միանգամայն հնարավոր է, որ արյան սովորական անալիզը կարողանա որոշել, թե մարդու օրգանիզմում որ օրգաններն են ավելի արագ ծերանում, եթե այդպիսիք կան, ինչը հնարավորություն կտա թերապևտիկ միջամտություններ անել կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ։
Կենսաբանական տարիքը ժամանակագրականի համեմատությամբ
Առևտրային առումով հասանելի տեխնոլոգիաների և սեփական մշակման ալգորիթմի կիրառմամբ, հետազոտողները գնահատեցին մարդկանց արյան մեջ հազարավոր սպիտակուցների մակարդակը, սահմանեցին, որ այդ սպիտակուցներից գրեթե 1000-ը առաջանում են այս կամ այն առանձին օրգանից և կապեցին այդ սպիտակուցների անոմալ մակարդակները համապատասխան օրգանների արագացված ծերացման և հիվանդությունների ու մահացության նկատմամբ զգայունության հետ:
Նրանք սկսեցին 20-ից 90 տարեկան, բայց հիմնականում կյանքի միջին և ուշ փուլերում գտնվող 1,400 առողջ մարդկանց արյան մեջ գրեթե 5000 սպիտակուցների մակարդակների ստուգումից, և նշեցին բոլոր սպիտակուցները, որոնց գեները չորս անգամ ավելի էին ակտիվացել մեկ օրգանում՝ ցանկացած այլ օրգանի համեմատությամբ: Նրանք հայտնաբերեցին գրեթե 900 այդպիսի օրգանաառանձնահատուկ սպիտակուցներ, որոնց քանակը կրճատեցին մինչև 858-ի՝ հուսալիության նկատառումով։
Դա անելու համար նրանք մեքենայական ուսուցման ալգորիթմին սովորեցրեցին գուշակել մարդկանց տարիքը՝ հիմնվելով այս մոտ 5000 սպիտակուցների մակարդակների վրա:
Գիտնականները ստուգեցին ալգորիթմի ճշգրտությունը `գնահատելով մոտ 4000 լրացուցիչ անձանց տարիքը, որոնք որոշ չափով ներկայացուցչական էին ԱՄՆ-ի բնակչության համար:
Օրգանների տարիքային տարբերությունը
11 օրգանից յուրաքանչյուրի համար հետազոտողները հաշվարկեցին «տարիքային տարբերությունը»՝ օրգանի փաստացի տարիքի և օրգանի համար առանձնահատուկ սպիտակուցների վրա հիմնված ալգորիթմի հաշվարկներով ենթադրված տարիքի միջև տարբերությունը։ Հետազոտողները պարզեցին, որ ուսումնասիրված 11 օրգանից 10-ի համար (միակ բացառությունը աղիքն է) բացահայտված տարիքային տարբերությունները զգալիորեն կապված են տարբեր պատճառներով 15 տարվա ընթացքում մահվան հետագա ռիսկի հետ:
Արագացված ծերացման օրգան ունենալը (սահմանվում է որպես ալգորիթմի կողմից գնահատված օրգանի կենսաբանական տարիք, որը 1 ստանդարտ շեղումով բարձր է, քան նույն ժամանակագրական տարիքի մարդկանց շրջանում այդ օրգանի խմբում միջին ցուցանիշը) մեծացնում է մահացության ռիսկը 15-50% -ով հաջորդ 15 տարիների ընթացքում՝ կախված նրանից, թե որ օրգանն է ախտահարվել:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սրտի արագացված ծերացում ունեցող մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը սկզբնապես ակտիվ չի եղել կամ կլինիկական անոմալ բիոմարկերներ չեն դրսևորվել, սրտի անբավարարության վտանգը 2,5 անգամ ավելի բարձր է, քան նորմալ ծերացող սրտով մարդկանց մոտ:
Պարզվեց, որ «ծեր» ուղեղով մարդկանց մոտ հինգ տարվա ընթացքում ճանաչողական գործառույթների նվազման հավանականությունը 1,8 անգամ ավելի բարձր է, քան «երիտասարդ» ուղեղով մարդկանցն է: Ուղեղի կամ անոթների ցանցի՝ դրանցից յուրաքանչյուրի, արագացված ծերացումը կանխատեսում է Ալցհեյմերի հիվանդության առաջընթացի ռիսկը նույնչափ, ինչպես ներկայումս կիրառվող լավագույն կլինիկական բիոմարկերները։
Նույնկերպ, ամուր կապ է բացահայտվել էքստրեմալ ծերացման դեպքում (նորմայից 2-ից ավելի ստանդարտ շեղումով բարձր) երիկամների և արտերիալ հիպերտենզիայի ու շաքարախտի ցուցանիշների միջև, ինչպես նաև էքստրեմալ ծերացման դեպքում սրտի և նախասրտի ֆիբրիլյացիայի ու սրտի նոպայի ցուցանիշների միջև:
Ըստ գիտնականների, օրգանաառանձնահատուկ սպիտակուցների հայտնաբերումը, որոնք լավագույնս են մատնանշում օրգանների չափազանց ծերացումը, և, հետևաբար, հիվանդությունների բարձր հավանականությունը, նաև կարող է հանգեցնել դեղորայքի համար նոր թիրախների բացահայտմանը։