Կիմ Չեն Ընի քույրը Սեուլին սպառնացել է «կրակի մկրտությամբ»
Հարավային Կորեայի զինուժն իր գործողություններով և անհիմն հայտարարություններով միայն անուղղելի աղետներ է բերում իր գլխին, որոնք կարող են հանգեցնել Սեուլի «կրակի մկրտության» և «ակնթարթային մահվան», ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը:
«Ինչպես արդեն հստակ ասվել է, մեր բանակը կպատասխանի ամենափոքր սադրանքին»,-ասել է նա:
Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալն էլ հայտարարել է, որ հյուսիսկորեացի զինվորականները նախօրեին ոչ մի հրետանային կրակահերթ չեն իրականացրել, այլ պայթեցրել են 60 պայթուցիկ, և Հարավային Կորեայի զինվորականները «ընկել են այս խայծի վրա»՝ փորձելով անմիջապես ներկայացնել ԿԺԴՀ-ին որպես «սադրիչ» և «լարվածության սրման գլխավոր մեղավոր»:
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ հարավկորեացի զինվորականները, օրինակ, թռչունների երամը շփոթում են հյուսիսկորեական ինքնաթիռների հետ և իրենց կործանիչներն ուղարկում են դրանք կալանելու համար, կամ անտառում հայտնաբերված զուգարանի դռան կտորը ներկայացնում են հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքի բեկոր:
«Հիմա մտածեք, թե ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող Սեուլը ինչպիսի՞ վտանգի կարող է ենթարկվել, եթե այս ապաշնորհ ռազմական գանգստերների սխալ հաշվարկների, անհիմն ենթադրությունների, անիմաստ համառության պատճառով չնախատեսված միջադեպ առաջանա։ Մենք չենք կարող իմանալ, թե ինչպիսի հիմար համառություն նրանք կդրսևորեն հաջորդ անգամ, երբ հյուսիսային երկնքի վրա ամպրոպի դղրդյունը սխալմամբ մեր բանակի հրետանային կրակ համարեն»,- ընդգծել է Կիմ Յո Ջոնգը։
Նախօրեին Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ շտաբը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի զինված ուժերը ավելի քան 60 հրետանային կրակոց են արձակել հարավկորեական Եոնպյոնդո կղզուց հյուսիս-արևմուտք ընկած տարածքում։ Նրանք Հյուսիսային Կորեային մեղադրել են 2018 թվականի սեպտեմբերի 19-ի միջկորեական ռազմական համաձայնագիրը խախտելու մեջ, որը սահմանել է ծովային բուֆերային գոտի, որտեղ կրակոցներն արգելված են։
Հարավային Կորեայի զինվորականները կոչ են արել Փհենյանին դադարեցնել «թշնամական գործողությունները», որոնք սպառնում են Կորեական թերակղզում խաղաղությանը և հայտարարել են, որ պատրաստ են համաչափ ռազմական գործողություններ ձեռնարկել, եթե շարունակվող հրետանային կրակը վտանգ ներկայացնի Կորեայի Հանրապետության քաղաքացիների համար, փոխանցում է Shantnews-ը։