Թուրքմենստանն ու ԱՄԷ-ն քննարկել են համագործակցությունը մեթանի արտանետումների կրճատման ոլորտում
Թուրքմենստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները համագործակցության շրջանակում քննարկել են մթնոլորտում մեթանի արտանետումները նվազեցնելու հնարավորությունները: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրքմենգազ» պետական կոնցեռնի և Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության համագործակցության համապատասխան հուշագիրը ստորագրվել է Խալք Մասլախաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ԱՄԷ կատարած աշխատանքային այցից հետո։
«Համագործակցության այս հուշագրով կողմերի նպատակն է ուսումնասիրել գիտական, տեխնիկական և տնտեսական համագործակցության պոտենցիալ հնարավորությունները՝ դեպի մթնոլորտ մեթանի արտանետումների նվազեցման ոլորտում», - ասված է հայտարարության մեջ։
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, ելույթ ունենալով դեկտեմբերին Դուբայում կայացած «COP-28» կլիմայական կոնֆերանսում, հայտարարել էր, որ Թուրքմենստանը միանում է մեթանի արտանետումներին վերաբերող միջազգային պայմանագրին՝ ստանձնելով կոնկրետ պարտավորություններ։