Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է 348 աշակերտ ունեցող Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների նոր դահլիճ: Նշվել է, որ շինարարական աշխատանքներն սկսվել են 2022թ․ ապրիլի վերջին, ավարտվել 2023թ․ տարեվերջին։ Մարզադահլիճի մակերեսը 345 քմ է, իսկ հանդիսությունների դահլիճի մակերեսը 230 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 375 մլն դրամ է: Վարչապետ Փաշինյանն արձանագրել է մի շարք թերություններ և խնդիրներ՝ ընդգծելով, որ դրանց վերացման ուղղությամբ պետք է ցուցաբերել հետևողական ու խիստ մոտեցում:
Այնուհետև Կառավարության ղեկավարն այցելել է 667 աշակերտ ունեցող Վաղարշապատի Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոց, որտեղ կառուցվել է մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Ընդգծվել է, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022թ․ ապրիլի վերջին, ավարտվել 2023թ․ տարեվերջին։ Ծրագիրը ներառում է մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կառուցում, բարեկարգում։ Մարզադահլիճի մակերեսը 360 քմ է, հանդիսությունների դահլիճի մակերեսը՝ 230 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 290 մլն դրամ է։ Պատասխանատուների ներկայացմամբ, մարզադահլիճը դպրոցի շահագործման ամբողջ ընթացքում չի վերանորոգվել, 2009 թվականից վթարային վիճակում էր, իսկ 2018 թվականից չի շահագործվել:
Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վաղարշապատ համայնք: Վաղարշապատ համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով կառավարության ֆինանսավորմամբ ձեռք են բերվել ինքնաթափ, աղբատար մեքենաներ և աղբամաններ: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 476 մլն դրամ է: Ընդհանուր առմամբ, համայնքը համալրվել է 7 աղբաթափ մեքենայով (346․500․000 դրամ), 1 ինքնաթափ մեքենայով (36․000․000 դրամ) և 1200 աղբամանով (93․600․000 դրամ):
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է 195 աշակերտ ունեցող Արտիմետի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2022թ․ ապրիլի վերջին։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 198 մլն դրամ է, միջոցները հատկացվել են կառավարության կողմից: Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծում տալ բոլոր թերություններին ու խնդիրներին և ընդգծել, որ ծրագրերի պատշաճ իրականացման վերահսկողությունը պետք է լինի և՛ նախարարությունների, և՛ Քաղաքաշինության կոմիտեի, և՛ մարզպետարանի կողմից:
Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արաքս համայնքապետարանի շենքի վերանորոգման և GIZ-ի (Գերմանական միջազգային համագործակցության ընկերության) կողմից 1-ին հարկում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնման աշխատանքներին։ Պատասխանատուների ներկայացմամբ, համայնքապետարանի շենքն ավարտական փուլում է, իսկ ՔՍԳ-ի աշխատանքներն ավարտված են։ Ծրագրի ընդհանուր արժեքը 55.3 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի կառավարության, Արաքսի համայնքապետարանի և GIZ կողմից:
Մարզային այցի շրջանակում կառավարության ղեկավարի վերջին կանգառը եղել է Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Շինարարական աշխատանքներն սկսվել էին 2022թ․ ապրիլից։ Մարզադահլիճի մակերեսը 360 քմ է, իսկ հանդիսությունների դահլիճի մակերեսը 220 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 326 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Անդրադառնալով այստեղ ևս առկա թերություններին՝ վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված։
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: