Տոկիոյում հայտարարել են Հանեդա օդանավակայանից թռիչքների չեղարկման մասին
Տոկիոյի Հանեդա օդանավակայանում հունվարի 6-ին չեղարկվել է 216 չվերթ: Պատճառը հունվարի 2-ին Japan Airlines-ի մարդատար ինքնաթիռի բախումն է ծովային անվտանգության օդանավին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է NHK հեռուստատեսությունը։
Չեղարկումները կազդեն 32,3 հազար մարդու ծրագրերի վրա։ Սպասվում է, որ հունվարի 7-ին կչեղարկվի 194 չվերթ։ Նշվում է, որ հունվարի 8-ին օդային հաղորդակցությունը գրեթե ամբողջությամբ կվերականգնվի. Japan Airlines-ի միայն 14 չվերթ է ենթակա չեղարկման։
Japan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը հունվարի 2-ին Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու վրա բախվել է մեկ այլ օդանավի ու բռնկվել։ Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության հրամանատարության տվյալների համաձայն՝ ինքնաթիռը բախվել է իր DHC-8 ռազմատրանսպորտային ինքնաթիռին, որը պատրաստվում էր մեկնել նախօրեին տեղի ունեցած երկրաշարժերից տուժած շրջաններ՝ առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։ Երկրորդ օդանավը ևս հրդեհվել է։ Բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը, լրջորեն վնասվել է նաև օդանավի թևերից մեկը. հրդեհը բռնկվել է ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։