Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ճրագալույցի Պատարագը, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը (լուսանկարներ)
Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
Պատարագի սրբազան արարողության ընթացքում Վրթանես Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ ի մասնավորի ընգծելով. «Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերստին հռչակումն աստվածային Եղիցի Լույս հրամանի: Աստված խոնարհվեց՝ վերականգնելու արարչության խաթարված ներդաշնակությունը և կանգնեցնելու մարդկության նորից դեպի քաոս գնացող վայրընթացը:
Հայ ժողովուրդը առաջիններից մեկն ընդառաջ գնաց աստվածային ճշմարիտ Լույսին, որովհետև իր ենթագիտակցական ոլորտում դեռևս կրում էր հիշողությունը և նշույլները նախաստեղծ լույսի: Ուստի Քրիստոսի բերած հոգևոր նորոգումը մենք անվանեցինք լուսավորություն, մեր ազգի առաքյալներին և պաշտոնական առաջին հայրապետին անվանեցինք լուսավորիչներ, իսկ մեզ էլ սկսեցինք համարել Լուսո Որդիներ»։
Սրբազան Հայրը հորդորեց հավատացյալներին հետադարձ հայացք գցել իրենց անցած տարիների վրա և փորձել լույս սփռել իրենց ներքին մտահոգությունների ու անորոշության խավարի վրա:
Իր քարոզում Վրթանես եպիսկոպոսն անդրադարձավ նաև Արցախի կորուստին։
«Տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը, պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։ Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ»,-նշեց պատարագիչ Սրբազանը՝ ցավն ի սիրտ արձանագրելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցի հայորդիներ առաջին անգամ ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոները պիտի դիմավորեն իրենց փայփայած օջախներից հեռու։
Այս առնչությամբ Վրթանես Սրբազանը պատգամեց հավատացյալներին սիրով ու ջերմությամբ պարուրել Արցախի քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին, իսկ արցախցիներին հորդորեց լցվել աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը։
Սրբազան Հայրը նաև հանուն Արցախի հավատավոր ժողովրդի, իր որդիական սերն ու անկեղծ երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, անմնացորդ նվիրումով Արցախին և արցախահայությանը մշտապես աջակցելու համար։
Վերջում Վրթանես եպիսկոպոսը Սուրբ Ծննդյան լուսաբեր տոնի առիթով աղոթք բարձրացրեց առ Աստված հայոց երկրի և պետականության անսասանության, նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ հայորդիների շուտափույթ վերադարձի, ինչպես նաև այս պահին սահմանը հսկող հայ զինվորների համար։
Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որի կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը: