Ալիևը չի ցանկացել խնդրի խաղաղ կարգավորում, ցանկացել է արյուն թափել և վրեժխնդիր լինել․ ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանում տոնում են «համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրը»: Այդ օրը Ալիևը իր ելույթում հերթական ագրեսիայի դոզան է պարպել, քանի որ չէի ուզում տոնական օրերին հիշատակել այդ թեման, հիմա որոշ կետեր եմ ներկայացնում նրա ելույթից, մեջբերումներն անում եմ ուղիղ, առանց փոփոխության.
2023 թվականին մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնեց իր պետական ինքնիշխանությունը, ապահովվեց օկուպացիոն ուժերի դուրսբերումը ադրբեջանական տարածքից, ոչնչացվեց թշնամու բանակը, ոչնչացվեց կամ որպես ավար վերցվեց թշնամու զինտեխնիկան։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ սրտանց շնորհավորել ադրբեջանցի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։
Երբ 2020 թվականին ավարտվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և մեր դրոշը բարձրացվեց Շուշայում (Շուշիում) և ազատագրված այլ տարածքներում, բոլորս լավ գիտեինք, որ մեր գործը կիսատ էր մնում։ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ վերականգներ իր պետական ինքնիշխանությունը և արեց դա։
Սեպտեմբերի 19-ին սկսված և ընդամենը մեկ օր ու նույնիսկ ավելի քիչ տևած հակաահաբեկչական գործողությունը պսակվեց ադրբեջանական բանակի լիակատար հաղթանակով: Անջատողական ռեժիմը ընկավ, ծնկի եկավ մեր առջև, բարձրացրեց սպիտակ դրոշը, հանձնվեց, ընդմիշտ դուրս բերվեց մեր հողերից և նետվեց պատմության աղբանոցը: Դրանով Ադրբեջանում անջատողականությունն արմատախիլ արվեց, և այդ չարիքն այլևս չի կարող գլուխ բարձրացնել մեր հողերում։
Ադրբեջանական բանակը կրկին ցուցաբերեց պրոֆեսիոնալիզմ, հերոսություն, իսկ մեր զինվորներն ու սպաները ՝ անձնազոհություն։ Նրանց պայծառ հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում: Պետք է նշեմ նաև, որ մեր նահատակների արյունն առանց վրեժի չմնաց։ Մենք մարտի դաշտում վրեժ լուծեցինք, ինչպես ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների, այնպես էլ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ զոհված մեր զինվորների, սպաների և քաղաքացիական անձանց, Խոջալուի ցեղասպանության զոհերի համար։
2023 թվականի ապրիլին մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի Լաչինի ուղղությամբ սահմանվեց սահմանային անցակետ, և այդ օրվանից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամբողջությամբ վերականգնվեց: Ադրբեջանական ժողովուրդը լավ է հիշում, թե ինչ աղմուկ էր բարձրացել աշխարհում, հատկապես արևմտյան երկրներում, որոնք կանգնած են Հայաստանի հետևում, այն երկրներում, որոնք մշտապես աջակցում են նրանց, մեր դեմ անհիմն մեղադրանքներ են առաջադրվել։ Ոչ մի մեղադրանք, ոչ մի ճնշում չէր կարող ազդել մեր կամքի վրա։ Ես այն ժամանակ էլ էի ասում, որ ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք ինքներս ենք վերահսկողության տակ վերցրել մեր սահմանները և թույլ չենք տա որևէ մեկին իշխել մեր հողերում։ Սա մեր հողն է, մենք ենք տերը այս հողի և անելու ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում միջազգային իրավունքի, այդ թվում ՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում։ Եվ դա էլ դաս չդարձավ օկուպանտներին, դաս չդարձավ նրանց հետևում կանգնած հակաադրբեջանական ուժերին։ Դրա համար էլ սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական գործողությունն անխուսափելի էր, և մենք այն իրականացրեցինք, հպարտ ենք դրանով, հպարտության զգացում ունենք։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհում ապրող յուրաքանչյուր ադրբեջանցի իրավամբ հպարտության զգացում է ապրում։
Այսօր Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը վերածվել են մեծ շինհրապարակի։ Մենք նորից կառուցում ենք մեր քաղաքներն ու գյուղերը։ Այս տարի հայրենի հողեր արդեն վերադարձել են մոտ 5 հազար վերաբնակներ։
Մեկ տարվա ընթացքում իրենց տները կվերադառնան նաև Խոջալուի և Խանքենդիի բնակիչները ։
Մենք ՝ այդ հողերի տերերս, կառուցում և արարում ենք։ Մենք շինարար ու արարող ժողովուրդ ենք։ Հայերը 30 տարվա ընթացքում ավերել են մեր հողերը, հողին հավասարեցրել բոլոր տները, պատմական շենքերը, մզկիթները, մեր դեմ ցեղասպանություն են գործել, միևնույն ժամանակ՝ ուրբիցիդ, էկոցիդ։ Մեր գետերը թունավորվել են, մեր անտառները՝ հատվել։ Այս ամենն արվել է հայկական պետության կողմից։ Ցավոք, այդ հանցագործությունների համար նրանք մինչ օրս չեն դարձել արևմուտքում դատապարտման առարկա»:
Այսօր Արևմուտքում գերիշխում են երկակի ստանդարտները։ Ադրբեջանական ժողովուրդը դա լավ գիտի։ Միևնույն ժամանակ նա լավ գիտի, որ չնայած ճնշումներին, բոլոր սպառնալիքներին, անհիմն մեղադրանքներին, մենք անելու ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում։ Շարունակելու ենք անել այն, ինչ արել ենք նախկինում։ Եվ Հայաստանի ղեկավարությունը պետք է հետևություններ անի պատմության այդ դասերից և իրեն այնպես պահի, որ մեր զայրույթը չառաջացնի։
Մենք զգալիորեն հզորացրել ենք մեր բանակը, աճել է նաև նրա պրոֆեսիոնալիզմը, ստեղծվել են նոր զինված միավորումներ, որոնք այլ զինված միավորումների հետ հակաահաբեկչական գործողություններում ցուցաբերել են շատ մեծ պրոֆեսիոնալիզմ։ Ձեռք բերվեցին նոր զենքեր, ռազմական տեխնիկա, ստորագրվեցին բազմաթիվ նոր պայմանագրեր։ Պետք է նշեմ նաև, որ հաջորդ տարի զգալիորեն կաճի ռազմական նշանակության տեղական արտադրությունը։ Հաջորդ տարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածը ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մեջ կներդնի առնվազն մեկ միլիարդ մանաթ։ Այսպիսով, մենք ոչ միայն մեզ կապահովենք հիմնական միջոցներով, Ադրբեջանը կդառնա շատ լուրջ երկիր համաշխարհային մասշտաբով, մեր ռազմական արտադրանքի ծավալն ու քանակը զգալիորեն կմեծանա։
Մեր միջազգային հեղինակությունն օրեցօր աճում է։ Դեկտեմբերին աշխարհի բոլոր երկրները միաձայն որոշում են ընդունել Ադրբեջանում աշխարհի խոշորագույն միջազգային խորհրդաժողով անցկացնելու մասին: Սա համաշխարհային հանրության կողմից մեր հանդեպ ցուցաբերված մեծ հարգանքն ու համակրանքն է, միևնույն ժամանակ՝ «կանաչ» էներգիայի մեր անցման բարձր գնահատականը։
Մեր պատմական հաղթանակը ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակը, հակաահաբեկչական գործողությունը, օկուպանտներից ազատագրումը, անջատողական ռեժիմի անկումը իրավամբ համախմբեցին բոլոր ադրբեջանցիներին, միավորեցին նրանց մեկ բռունցքի մեջ ։
«Երկաթե բռունցքը» դարձավ մեր հաղթանակի տարեգրության խորհրդանիշը։ Այսօր «երկաթե բռունցքը» միաժամանակ մեր միասնության խորհրդանիշն է։ Եվ ուզում եմ հավաստիացնել ադրբեջանական ժողովրդին, ամբողջ աշխարհի ադրբեջանցիներին, որ «երկաթե բռունցքը» միշտ տեղում է լինելու»։
Փաստացի Ալիևն ընդունում է, որ առաջ է մղվել վրեժի ու, ինչպես ինքն է ասում, ռևանշիզմի գաղափարով, ապացուցում է ևս մեկ անգամ, որ երբեք չի ցանկացել խնդրի խաղաղ կարգավորում, այլ ցանկացել է արյուն թափել և վրեժխնդիր լինել: Նույն տրամաբանությամբ, նա ցույց է տալիս, որ շարունակում է զինել ու պատրաստել բանակը, իսկ Հայաստանի իշխանություններին էլ կարգադրում է խելոք մնալ ու «զայրույթ» չառաջացնել, սա նշանակում է, որ Ալիևն ուղիղ խառնվում է Հայաստանի ներքին գործերին:
Այս ելույթով նա ևս մեկ անգամ ցուցաբերում է իր հակակրանքը Արևմուտքի հանդեպ, ինչը փաստում է, որ արևմտյան հարթակներում որևէ թղթի ստորագրում չի լինի, առնվազն Ադրբեջանը դա չի անելու, իսկ ՀՀ ներկայիս իշխանություններն էլ դե Ադրբեջանի կամոք են առաջնորդվում, ոչ թե ՀՀ շահերի:
Իսկ համաշխարհային բնապահպանական միջոցառումը Փաշինյանի նվերն էր Ալիևին, որն էլ ուղղվելու է մեր դեմ, Ալիևի ելույթում այդպես մտածելու հիմքերը՝ «գետերի թունավորման», «անտառների հատման» և այլնի վերաբերյալ: Բացի այդ, ակնհայտ է, որ նրանք փորձելու են ապօրինաբար բնակեցնել Ստեփանակերտը՝ դրանով իսկ փորձելով կանխել հայ բնակչության վերադարձը:
Ելույթի վերջում Ալիևը հիշեցնում է, որ ինքը շարունակելու է մնալ այն նույն ագրեսիվ ու ռազմատենչ բռնապետը, քանի որ դրա վրա է հիմնված ռեժիմը, ոչինչ չի փոխվել, ամեն ինչ միայն ավելի է բարդացել...