«Պետք է շտկենք»․ ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ. ՀԵՏՔ
Հետք-ը գրում է․
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նախագահ Սամվել Կարապետյանի հետ կապվող՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը Լոռու մարզում 5 դպրոցի մարզադահլիճ է կառուցել, որոնցից երկուսը՝ Վանաձորում, մյուսները՝ Ստեփանավանում, Վարդաբլուրում և Ագարակում։
2016 թ․-ին հիմնադրված «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության առաջին բաժնետերը եղել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 2021 թ․-ից պատկանում են Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում հաշվառված Արմեն Կարապետյանին։
Լոռու մարզի դպրոցների մարզադահլիճները (5 դահլիճ) կառուցելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն 1 միլիարդ 44 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի հետ։ Մարզադահլիճների շինարարության տեխնիկական հսկողությունն էլ 53 միլիոն դրամով իրականացրել է «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն։
«Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետեր Արմեն Կարապետյանը «Հետք»-ի հարցերին ի պատասխան հայտնեց, որ վարչապետի արձանագրած թերությունները պետք է իրենք շտկեն։
-Պարոն Կարապետյան, մարզադալիճը Ձեր ընկերությունն է կառուցել։ Վարչապետի արձանագրած խախտումներին ինչպե՞ս եք վերաբերվում։
-Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ, խնդրում եմ երկուշաբթի․․․ ես տեղեկանամ, երկրում չէի, նոր եմ եկել։
-Աղմուկից տեղյակ չե՞ք։ Պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից։
-Թեթև տեղյակ եմ, բայց ամբողջությամբ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում։
-Ձեր աշխատանքի հետևանքով Լոռու մարզպետը և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն են ազատվել աշխատանքից։ Դրանում Ձեր ընկերության մեղավորությունը տեսնո՞ւմ եք։
-Իհարկե տեսնում եմ, բայց այդ կախիչը մեր հետ կապ չունի։ Դա տենդեր է եղել, մենք չենք սարքել, ուրիշ ընկերություն բերել, տեղադրել է։ Դա մեր հետ կապ չունեցող բան է, որքանով ես տեղյակ եմ։ Գույքը մեր հետ կապ չունի։
-Այդ խնդիրը Ձեր կազմակերպությո՞ւնը պետք է լուծի, թե՞ ենթակապալառուն։
-Գույքի հետ կապված, որքանով ես գիտեմ, չէ, դա լրիվ ուրիշ ընկերություն է։ Տենդեր է եղել, ուրիշ ընկերություն բերել, դրել են, մեր հետ կապ չունի գույքը։
-Ձեր ընկերությունը նոր չէ, շինարարության հետ կապված հնարավո՞ր էր՝ նման խնդիր լիներ։
-Խնդիրներ ոնց որ կա, ես չեմ հերքում, բայց այդ խնդիրները պետք է վերացվեն, ես չգիտեմ, ամբողջովին տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում։
-Կառավարությունից, Քաղաքաշինության կոմիտեից Ձեզ հարցեր չե՞ն տվել այս դեպքի վերաբերյալ։
-Դե ոչ, ես նոր եմ եկել, երկրում չէի։
-Նման բան նախկինում եղե՞լ է Ձեր ընկերության հետ կապված։
-Ոչ։
-Դուք ինչպես՞ եք լուծումը տեսնում։
-Պետք է շտկենք, ինչ-որ խնդիր կա, պետք է շտկենք, ուրիշ լուծում չեմ տեսնում։ Խնդիրներ եթե կան, պետք է շտկվեն դրանք։ Վերջ։
-Դուք կապ չե՞ք տեսնում «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի և Կառավարության հարաբերությունների ու այդ պատմության հետ։
-Խնդրում եմ մի շոշափեք։ Այդ անունները կապ չունեն այս ամեն ինչի հետ։ Խնդրում եմ, մի շոշափեք։
-Այդքան շինարարություն է լինում, և հենց այս շինարարությանը մոտենալ ու խախտումներ գտնել․․․
-Այդ մարդկանց անունները մի շոշափեք, խնդրում եմ։ Այդ մարդիկ կապ չունեն այս ամեն ինչի հետ, պետք չի այդ անունները շոշափել։ Ի՞նչ կապ ունեն դրա հետ։ Իրենք ոչ մի կապ չունեն։