Դասագրքերը պետք է տան պետականակենտրոն ուղերձներ. վարչապետին է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։
Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ընդունվել են ռազմավարական ոլորտային կարևոր փաստաթղթեր՝ ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները:
Ստեղծվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որի հիմնական նպատակը բարձրագույն կրթության և գիտության ինտեգրումն է: Հանրակրթության ոլորտում 2023թ. աշխատանքներն իրականացվել են 3 հիմնական ուղղություններով՝ բովանդակության կատարելագործում, մանկավարժների մասնագիտական զարգացում, ենթակառուցվածքների բարելավում։
Նշվել է, որ նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը ներդրվել է 190 հաստատություններում. վերապատրաստվել են շուրջ 1500 մանկավարժներ, ներդրվել է տարակարգի շնորհման համակարգը: Նախադպրոցական համակարգում ամբողջությամբ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, ներկայումս մանկապարտեզ է հաճախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1255 երեխա՝ 2022 թ. 229 երեխայի փոխարեն:
Նրանց կրթության ապահովման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվել են պետական բյուջեից, սեպտեմբերից այս խմբին միացել են նաև զինծառայողների երեխաները: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, համաձայն որի՝ մինչև 2024 թ.-ի հունիսի 1-ը բոլոր գործող տնօրենները պետք է հավաստագրվեն, այլապես չեն կարողանա պաշտոնավարել: 2023թ.-ին հավաստագրմանը մասնակցել է 263 անձ։ Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման աշխատանքներն իրականացվել են հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Նոր մոտեցմամբ է իրականացվել դասագրքերի ստեղծումն ու տպագրումը, ինչը էապես փոխել է դասագրքերի որակը՝ միաժամանակ ընդլայնելով մասնակցության հնարավորությունները:
Դասագրքերի ստեղծման նոր համակարգն ազդեցություն է ունեցել գնի վրա. միջինում մեկ դասագրքի հաշվարկով տարրական դպրոցում՝ 1044 դրամից 742 դրամ, միջին դպրոցում՝ 1722 դրամից 1249 դրամ։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ կրթական քաղաքականությունն ամենակարևոր քաղաքականությունն է, որը մշակում և վարում է Կառավարությունը: «Մենք պետք է վստահ լինենք, որ մեր դասագրքերն այդ ուղերձները տալիս են: Պետք է այդ ուղերձները, որոնք տրվում են, լինեն պետականակենտրոն, պետության մասին պետք է լինեն, պետության պատմություն պետք է դա լինի և գրականությունն էլ պետք է լինի այդպիսին:
Այդտեղ էլ շատ մեծ ամպլիտուդ կա, և պետք է շատ ուշադիր լինել: Եվ մենք, առանց սեթևեթելու, պետք է դա ասենք և ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն: Դպրոցը պետական ինստիտուտ է, և ամեն ինչը պետք է համապատասխանի դրան, բացարձակապես ամեն ինչը»:
Ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման շրջանակում շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. 2023 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցել է մոտ 4200 ուսուցիչ:
Ընդհանուր առմամբ, գործընթացի ներդրման երեք տարիների ընթացքում ատեստավորվել է 3830 ուսուցիչ, որոնք վարձատրվում են բարձրացված՝ 200.000 դրամ դրույքաչափով, և ըստ ցուցաբերած արդյունքների, ստանում հավելավճար՝ 30-50 %: Առաջին անգամ իրականացվել է նաև արտադպրոցական մանկավարժների կամավոր ատեստավորումը, որի արդյունքում ատեստավորված 44 մասնագետներն ստանում են լրավճար:
Խոսելով ատեստավորման գործընթացի կարևորության մասին՝ վարչապետը նշել է.
«Գիտելիքի և բովանդակության խորքն է շատ կարևոր: Կներեք, «զուբրիդ» արած տեքստն ուրիշ է, տեքստին տիրապետելն ուրիշ է: Ի՞նչն է խնդիրը: Հասկանո՞ւմ եք, երբ կրթության ոլորտի մարդիկ ասում են՝ գիտեք ինչ, եկեք այս 3 հարցին պատասխանեմ, այն 50 հարցը թեմայի հետ կապ չունի, գուցե ճիշտ է, բայց ինչ-որ բան կա, մեզ համար դիսկոնֆորտ կա, որովհետև մենք ուզում ենք գիտելիքի խորքն իմանալ: Մենք աշակերտի համար ենք դա անում: Աշակերտներ կան, հույս ունենք, որ կշատանան այդ աշակերտները, որոնք այդ շրջանակի մեջ չեն, իրենք ընկալում են և այնպիսի հարցեր են տալիս: Ես կարծում եմ, որ դա մեծ ողբերգություն է և մեծ դեմոտիվացիա է աշակերտի համար, եթե ինքը հարց է տալիս ուսուցչին և հասկանում է, որ ուսուցիչը բացարձակապես գաղափար չունի իր տված հարցի հետ:
Ոչ ոք ամեն ինչ չի կարող իմանալ, բայց դասի ընթացքում մտքի աշխատանք պետք է տեղի ունենա, և այն, ինչ չգիտես, պետք է նաև դա իմանաս, թե ոնց հարաբերվես: Եվ այստեղ գիտելիքի խորքի խնդիր կա»: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ավելի վաղ կարծել է, թե դասվարներից ոչ ոք թեստային աշխատանքից չի կտրվի. «Փաստը ցույց տվեց, որ չէ, 1-4-րդ դասարանների դասվարներ կան, որ կտրվում են:
Այդտեղ մտածում ես՝ առարկայի ծրագրի ի՞նչ հարցեր պետք է տրվեն, որ բարդ լինի ուսուցչին պատասխանել»:
Արձագանքելով՝ վարչապետը հավելել է. «Հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում: Մեր տարրական դպրոցի ուսուցիչն ատեստավորումից կտրվում է: Իմ խնդիրը ոչ ուսուցիչն է, ոչ կտրվելը, իմ խնդիրը երեխան է:
Ի՞նչ ենք անում, երեխայի ապագայի վրա ի՞նչ ազդեցություն ենք ունենում նման անպատասխանատվությամբ»: Նախարարի խոսքով՝ փաստը մնում է փաստ, որ կամավոր ատեստավորումը ախտորոշում է ուսուցիչների հետ կապված խնդիրները, որքան էլ դա դուր չգա: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ատեստավորմանը չմասնակցելու դիմադրությունը նաև հենց դրանով է պայմանավորված:
Միաժամանակ նշվել է, որ ուսուցիչների խրախուսման մյուս համակարգը տարակարգն է: Նախորդ տարի 101 ուսուցիչների շնորհվել է տարակարգ. առաջին անգամ ունենք նաև 4-րդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ, որոնց աշխատավարձը 50%-ով բարձրացել է։ Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում ստուգվում է ուսուցիչների՝ առարկայի իմացության մակարդակը:
«Այսինքն՝ դա բացառապես տվյալ առարկայի իմացությունը ստուգող թեստ է: Բայց բացի դրանից, որպեսզի համարենք, որ ուսուցիչը լավ ուսուցիչ է, պետք է հասկանանք, թե ինչքանով է ճիշտ պլանավորում դասը, ինչ մանկավարժական մեթոդներ է կիրառում, ինչպես է հետադարձ կապ ապահովում երեխաների հետ դասարանում: Տարակարգը կարծես երկրորդ կտորն է ծածկում:
Դրա համար մենք ինչո՞ւ փոխեցինք կարգը: Նախկինում, որպեսզի տարակարգ տային, ուզում էին ուսուցչի ստացած շնորհակալագրերը, պատվոգրերը, ինչ-որ փաստաթղթային բաներ, կամ հոդվածներ, որոնք երբեմն տպագրվում էին ինչ-որ անհասկանալի ամսագրերում: Մենք հիմա ուսուցիչներից ուզում ենք իրենց անցկացրած դասերի տեսագրությունը, որ տեսնենք, թե ինչպես է ուսուցիչը դաս անցկացնում, ինչքանով է տեխնոլոգիաներ կիրառում, ինչքանով է երեխաներին ընդգրկում դասի մեջ, արդյոք կենտրոնանում է մեկ-երկուսի վրա, թե ամբողջ դասարանը մասնակցում է: Ուզում ենք իր դասի պլանները, այսինքն՝ օրինակ, ֆիզիկայից պիտի թեման բացատրի, ինչպես է պլանավորել, ինչ հերթականությամբ, ինչ տրամաբանությամբ»,- մանրամասներ է ներկայացրել Ժաննա Անդրեասյանը:
Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Մենք տարակարգ ստանալու բովանդակությունը, ըստ էության, փոխել ենք: Այսինքն՝ մանկավարժական մեթոդների և դասավարման պրոցեսի հետ ենք կապել և տեսանյութերով դա ստուգելի է, թե ոնց են ստանում տարակարգ»:
2023 թ. ներդրվել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանն ուղղված երկու այլ ծրագիր ևս՝ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների 25% հավելավճարի տրամադրումը, որի շրջանակում շուրջ 8420 ուսուցչի աշխատավարձը բարձրացել է 1 ուսուցչի հաշվով միջինում 32 000 դրամով և մինչև 100 սովորող ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների խրախուսում, որի շրջանակում գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում դասավանդող 3987 ուսուցչից 2975 ուսուցչի աշխատավարձի ավելացում է եղել 0,5 դրույքի չափով՝ միջինում 1 ուսուցչի հաշվով 71 700 դրամից դարձել է 115 300 դրամ:
Հանրակրթական դպրոցների կառավարման նոր համակարգը ներդրվել է 170 դպրոցում, որոնց տնօրենների պաշտոնավարման ժամկետը լրացել է 2023թ.-ին։ Կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում կրթության բովանդակային և վարչատնտեսական գործառույթների կառավարումն առանձնացված է:
Սեպտեմբերից դպրոցներում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի համաձայն նախկինում գործող երեխա-թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարան-թվով ֆինանսավորման, ինչն, ըստ պատասխանատուների, թույլ է տալիս առավել լավ պլանավորել ուսումնական գործընթացը։
Նոր ֆինանսավորմամբ նպատակային տողեր են առանձնացված նաև միջավայրի մատչելիության, խելամիտ հարմարեցումների, լաբորատոր նյութերի և այլնի համար։ Ֆինանսավորման նոր մոդելով ուսուցչի 22 ժամ դրույքաչափը նոր չափորոշիչի ներդրվող դասարաններում հաշվարկում է տարրական դպրոցում 18 ժամ, միջին և ավագ դպրոցներում՝ 20 ժամ։
Մարզերում գործող դպրոցների տարրական դասարանների բոլոր սովորողները` 135 hազար աշակերտներ, օգտվում են «Դպրոցական սնունդ» ծրագրից; Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2025թ.-ից Երևանի դպրոցներում ևս ծրագիրը ներդնելու ուղղությամբ։
Շարունակվել է Կառավարության «300 դպրոց-500 մանկապարտեզ» ծրագրի իրականացումը։ Հաստատվել է ծրագրում ընդգրկված 293 դպրոցների ցանկը, դպրոցների մեծ մասի շինարարությունը կմեկնարկի 2024թ. տարեսկզբին։ 2023թ. ավարտվել են 29 դպրոցների և 114 մանկապարտեզների շինարարական աշխատանքները: Նոր կառուցված 29 դպրոցի մարզադահլիճի և 24 դպրոցի համար հատկացվել է գույք։ ԲՏճՄ լաբորատորիաներով են համալրվել Արմավիրի մարզի 88 դպրոցներ և բոլոր նորակառույց դպրոցները:
Վարչապետը նշել է, որ պետք է մոնիթորինգ իրականացվի բոլոր ծրագրերի արդյունքները գնահատելու համար: «Ծրագիր ընդունեցինք, պետք է մոնիթորինգ անենք, վերադառնանք բացարձակապես բոլոր ծրագրերին: Կառավարության նիստում էլ ասացի, մենք ֆինանսավորում ենք, այդ փողը ինչի՞ համար ենք տալիս: Փողը որոշակի քաղաքական նպատակի տրանսպորտային միջոց է, մենք ուզում ենք այդ նպատակը հասցնել տեղ:
Պետք է գնանք, տեսնենք մեր նպատակը տեղ հասե՞լ է, թե տեղ չի հասել: Ի վերջո, ո՞րն է մեր նպատակը: Մեր նպատակն աշակերտն է, աշակերտին դրանից լա՞վ է, թե՞ վատ: Եթե պարզվի, որ աշակերտին դրանից լավ է, իսկ լավն ու վատը որոշվում է չափորոշիչով: Դա էլ է լավ, որ մենք գիտենք, թե ինչն է լավ, ինչն է վատ: Այսինքն, եթե գնում ենք տեսնում լավ է, շարունակենք, եթե տեսնում ենք լավ չէ, մտածենք, թե ինչ անենք»:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում Կառավարության կողմից հաստատվել և ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա բարձրացնելու մասնագիտական կրթության որակը։
13 ուսումնական հաստատությունում ընթանում են շինարարական աշխատանքներ, 7 հաստատություններ համալրվել են նոր գույքով։ Գերակա մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով վերանայվել է կրթաթոշակային քաղաքականությունը. գյուղատնտեսության, արդյունաբերության և շինարարության ուղղություններով սովորող ուսանողներին հատկացվել է 50 հազար դրամ կրթաթոշակ, որն ուղղակի ազդեցություն է ունեցել ընդունելության ցուցանիշների վրա:
Շեշտվել է, որ գիտության և բարձրագույն կրթության ոլորտում ամենակարևոր աշխատանքն «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հաստատումն ու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ստեղծումն է: Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության բնագավառում հաշվետու տարում ներդրվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը, որը պիլոտային ռեժիմով կիրականացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում:
Հաստատվել է թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննություններ անցկացնելու օրինակելի կանոնակարգը՝ սահմանվել են ելույթավճարների սկզբունքները:
Օպերային թատրոնում արդեն իսկ կիրառվող ելույթավճարների նոր մոդելի արդյունքում նվագախմբի երաժշտի միջին ամսական աշխատավարձը կազմում է 333 000 դրամ, որից ելույթավճարը՝ 103 000 դրամ, աշխատավարձը՝ 230 000 դրամ: Աշխատավարձերն Օպերային թատրոնում նախորդ տարի աճել են 40 տոկոսով:
Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում կիրառվելու է ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգը։ Կինոյի ոլորտի և կինոյի արտադրության զարգացմանը մեծապես նպաստել է նաև ճանաչված և հեղինակավոր կինոարտադրողների հետ համագործակցությունը: Մասնավորապես, հուշագիր է ստորագրվել «Փիփլ օֆ Ար» ընկերության հետ, համագործակցություն է նախանշվում նաև «Նեթֆլիքս»-ի հետ։
«Ամերիկացին» լիամետրաժ կինոնկարն ընդգրկվել է «Օսկարի» շորտ լիստում (ռեժիսոր՝ Միքայել Գուրջյան)։ 2023 թվականին 9 թատերահամերգային կազմակերպության հատկացվել է 507 մլն 977 հազ դրամ՝ գույքի և նյութատեխնիկական բազայի բարելավման նպատակով:
Մշակույթի ապակենտրոնացման և մարզերի մշակութային կյանքի ակտիվացման նպատակով անցկացվել են փառատոններ (ՖեստիՎառ, Սայաթ-Նովա, Զարկ ֆեստ), մշակութային տարբեր միջոցառումներ սահմանամերձ շրջաններում, միջհամայնքային համատեղ: