ՀՀ կառավարությունն ընդունել է ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը
Կառավարությունն հաստատել է ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությունը: Ռազմավարությունը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ:
Ռազմավարությունն առանցքային նշանակություն ունի Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի կլիմայական հանձնառությունների իրագործման տեսանկյունից: Փաստաթղթի ընդունմամբ Հայաստանը միանում է շուրջ 7 տասնյակ երկրների խմբին, որոնք արդեն ազդարարել են երկարաժամկետ հեռանկարում կլիմայական չեզոքության հասնելու նպատակը: Կառավարությունը սույն ռազմավարությամբ վերահաստատում է մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները մեկ շնչի հաշվով մինչև 2.07 տ CO2 համարժեք մակարդակ նվազեցնելու հավակնությունը:
Ռազմավարության ընդունմամբ Կառավարությունը հետապնդում է հետևյալ նպատակները.
երկարաժամկետ օրակարգի ապահովում կլիմայական հանձնառությունների համար,
վաղ և կանխատեսելի ազդակների հաղորդում ներդրողներին և տնտեսության ոլորտներին՝ իրենց երկարաժամկետ գործողությունները պլանավորելու նպատակով,
զարգացման նպատակների համադրում կլիմայական գործողությունների հետ և հնարավորությունների համակարգված դիտարկում ողջ տնտեսության կտրվածքով,
տեխնոլոգիական առաջընթացի միտումներին համահունչ տնտեսական քաղաքականության մշակում՝ փոխակերպելով մարտահրավերները հնարավորությունների:
Ռազմավարությունն ընդգրկում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման 5 հիմնական ոլորտները (էներգետիկա, գյուղատնտեսություն, արդյունաբերական գործընթացներ, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում, և թափոններ)՝ ըստ սցենարների ներկայացնելով քաղաքականության հիմնական ուղղությունները և ծրագրային նախաձեռնությունները: Դրանք ուղղված են ոլորտների տեխնոլոգիական առաջընթացի և կայուն զարգացման ապահովմանը, միաժամանակ իրացնելով նույն ոլորտներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մեծ ներուժը:
Դիտարկված երեք սցենարներն ուղենշային նշանակություն կունենան ձևավորված տեսլականին հասնելու ճանապարհին՝ ներդրված ջանքերի դիմաց համապատասխան արդյունքներ ակնկալելու և անհրաժեշտության դեպքում քաղաքականության ճշգրտումներ կատարելու տրամաբանությամբ: