Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 464-ի
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 92 մարդ, 464-ը՝ վիրավորվել, 16 մարդ պաշտոնապես համարվում է անհետ կորած։ Իշխանությունները նաև չեն կարող պարզել, թե արդյոք ևս 242 մարդ անվտանգ է, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։
Նախօրեին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել էր, որ Իսիկավայում տեղի ունեցած մի շարք հզոր երկրաշարժերից հետո հաստատվել է 78 զոհ, 29 մարդ ծանր վիրավորվել է, ևս 231 մարդ ստացել է թեթև վնասվածքներ։ Ավելի ուշ Kyodo լրատվական գործակալությունը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 91-ի:
«Մինչև ժամը 8.00-ը Իսիկավայի պրեֆեկտուրայի հրապարակած տվյալների համաձայն, զոհվել է 92 մարդ, վիրավորվել՝ 464 մարդ, 16 մարդ անհետ կորել է։ 242 մարդու անվտանգությունը չի հաջողվել հաստատել Ժամը 9.00-ի դրությամբ ոստիկանությունը ստացել է փրկության 138 կանչ, որից 115-ին ցուցաբերվել է օգնություն»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Տարվա առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի տարածքում 16.06-ին տեղի են ունեցել մի շարք խոշոր երկրաշարժեր: Ամենաուժեղ երկրաշարժը եղել է 7,6 մագնիտուդով, որի աղբյուրը «մակերեսին չափազանց մոտ է»։ Ստորգետնյա ցնցումների հիմնական մասը տատանվել է 4,5-ից 5,7 մագնիտուդի միջև։ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով 3-ից 7 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել։