Chess–ը ռուս գրոսմայստերին հեռացրել է շախմատի մրցաշարերից և արգելափակել Ուկրաինայում ռազմական գոտի այցերի պատճառով
Շախմատի խաղերի Chess հարթակը արգելել է ռուս շախմատիստ Դենիս Խիսմատուլինին մասնակցել հարթակում անցկացվող մրցաշարերին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի մեկնելու պատճառով։ Այս մասին գրում է Meduza–ն: Նշվում է, որ արգելափակման մասին տեղեկացրել է ինքը՝ շախմատիստը:
Անցյալ տարեվերջին լեհ խաղացող Յան-Քշիշտոֆ Դուդան Ուզբեկստանում ընթացող աշխարհի առաջնության առաջին շրջանի մեկնարկից առաջ հրաժարվել էր սեղմել ռուս գրոսմայստեր Դենիս Խիսմատուլինի ձեռքը։ Խաղն ավարտվել էր ոչ-ոքի: Երկրորդ տուրից առաջ Դուդան, այնուամենայնիվ, համաձայնել էր ձեռք սեղմել Ռուսաստանի Դաշնությունից իր մրցակցի հետ։ Ըստ Խիսմատուլինի՝ Chess–ի ադմինիստրացիան հետաքրքրվել է իր կենսագրությամբ և պարզել, որ նա «մարդասիրական առաքելություններով» բազմիցս այցելել է Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի։
Հարթակը ռուսաստանցուն հեռացրել է մրցանակային մրցաշարերից և արգելել «ցանկացած սոցիալական գործունեություն կայքում»:
Chess.com-ը աշխարհի խոշորագույն շախմատային հարթակն է: Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո պորտալը դատապարտել է ռուսական ագրեսիան։ 2022 թվականի ապրիլից այն արգելափակված է Ռուսաստանում։
Դենիս Խիսմատուլինը 2005 թվականին նվաճել է Ռուսաստանի գավաթը, իսկ 2006 թվականին հաղթել Վորոնեժի Master-open մրցաշարում։ 2009 թվականին Խիսմատուլինը բրոնզ է նվաճել Ռուսաստանի առաջնության Բարձրագույն լիգայում, իսկ 2010 թվականին՝ արծաթ։