Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ մի քանի չլուծված հարցեր կան. Հաջիև
Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր հարթակներում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում:
«Մենք իսկապես հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն կա, և մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ մի քանի չլուծված հարցեր կան։ Այս պահին մենք լուրջ խոչընդոտներ չենք տեսնում խաղաղության պայմանագրի կնքման համար»,- ասել է Հաջիևը, հավելել՝ դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է բանակցությունների շարունակություն:
Ալիևի խորհրդականի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը չպետք է լինի սահմանների դելիմիտացիայի պատանդը։ Նա նշել է, որ թեև խաղաղության համաձայնագրի և սահմանազատման ու սահմանագծման շուրջ բանակցությունները զուգահեռ են ընթանում, դրանք երկու տարբեր ձևաչափերով են։
Հաջիևը նաև հայտարարել է, որ Նախիջևանի հետ կապը պատկերացնում են առանց հայկական կողմի մաքսային և սահմանային հսկողության։