Թբիլիսին ընդգրկվել է Ամանորը դիմավորելու լավագույն վայրերի հնգյակում
Թբիլիսին զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականն Ամանորը դիմավորելու՝ Եվրոպայի լավագույն վայրերի տասնյակում՝ առաջ անցնելով Պրահայից և Իսպանիայի Իբիցա կղզուց` ըստ հեղինակավոր Forbes հրատարակության։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Հոդվածի վրա աշխատելիս հարցման են ենթարկվել 11 963 ճանապարհորդներ 112 երկրներից։
«Թբիլիսին, կարելի է ասել, իր գներով, ամենաօրիգինալ ընտրությունն է Ամանորը նշելու համար: Թբիլիսին հինգ անգամ ավելի էժան է, քան Լոնդոնը և Փարիզը: Թբիլիսիի հինգաստղանի հյուրանոցում կարելի է մնալ նույն գնով, ինչ Բեռլինի երեքաստղանի հյուրանոցում», - նշում է հեղինակը։
Բացի այդ, նշվել է Վրաստանի մայրաքաղաքի անվտանգությունը։
«Թբիլիսիում շատ ցածր է հանցագործության մակարդակը, ինչպես նաև հեշտ է գալը բրիտանացի և ամերիկացի զբոսաշրջիկների համար (վիզա չի պահանջվում)», - ասվում է հոդվածում։
Հեղինակի կարծիքով՝ այս վայրը հարմար է նաև ուտելիքի, գինու և ամանորյա դեկորատիվ լուսավորության սիրահարների համար։
Առաջին տեղն զբաղեցնում է Պորտուգալիայի Մադեյրա կղզին, երկրորդն` Իսպանիայի Մարբելյա քաղաքը, երրորդը՝ Լոնդոնը, չորրորդը՝ Լիսաբոնը։ Ցանկում Թբիլիսիին հաջորդում են Պրահան և Իբիցան՝ զբաղեցնելով համապատասխանաբար վեցերորդ և յոթերորդ տեղերը։ Տասնյակում ընդգրկվել են նաև Սան Միգելը՝ Պորտուգալիայի Ազորյան արշիպելագի ամենամեծ կղզին, Էդինբուրգը և Պորտուն: