Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզեր կատարած այցերի ընթացքում կառավարության ծրագրերի իրականացման մասով լրջագույն խնդիրներ է բացահայտել: Այդ մասին իր դժգոհությունը վարչապետը հայտնեց Կառավարության՝ հունվարի 4-ի նիստին:
«Մասնավորապես դպրոցներում իրականացվող ծրագրերում տեսնում եմ պրոբլեմներ, ու ուզում եմ այդ պրոբլեմների մի մասը կիսել ձեզ հետ՝ արձանագրելով, որ առաջինը գործ ունենք շատ դեպքերում նախագծման խոտանի հետ, երկրորդը՝ իրականացման խոտանի հետ, և երրորդը՝ գույքի որակի հետ կապված խոտանի հետ»,- նշեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, որ երևույթն անթույլատրելի է, և որ «շատ դառնացած է» այդ առնչությամբ, ապա հորդորեց դուրս գալ «տնայնագործությունից»:
«Հինգ ամիս չկարողացա բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել, դրա համար հատուկ գիտելի՞ք է պետք»,- նշեց նա, ապա հավելեց, թե Հայաստանում խորը նստած է «պրարաբային կուլտուրան», և որ «կոմպրոմիսների» չի գնալու, ու ամեն ինչ կունենա հետևանք:
Դիմելով մարզպետներին՝ նա ասաց, թե իրեն այլևս պետք չեն խնդիրների մասով բացատրություններ, այլ լուծումներ:
«Ինձ պետք են պրոբլեմների լուծումներ: Խնդրում եմ՝ ինձ չտաք որևէ մեկդ բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես, կգաք ու կասեք՝ այս հարցը լուծված է, ու չբացատրեք էլ՝ ինչպես: Ինձ համար կարևոր է, որ հարցը լուծված լինի:
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին և արձանագրել բազմաթիվ խնդիրներ:
Այսօր Կառավարության որոշումով Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել են պաշտոններից: