Ադրբեջանն անվանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների «հիմնական ուղղությունը»
Բաքուն հուսով է մոտ ապագայում խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև, ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով բանագնաց Էլչին Ամիրբեկովը էստոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Sputnik Ադրբեջանը։
Ըստ նրա, «հաղորդակցության բացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի անբաժանելի մասն է»։
«Բանակցությունների հիմնական ուղղությունը խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումն է։ Նրանում նշվում են ապագա խաղաղության բոլոր հիմնական պարամետրերը, այդ թվում՝ հաղորդակցությունների վերականգնումը։ Բացի հիմնական ուղղությունից, կան ևս երկուսը` հաղորդակցությունների բացումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը»,- ասել է Ամիրբեկովը:
Խոսելով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հիշեցրել է ադրբեջանական կողմի նախաձեռնությունը՝ «վերականգնել Զանգեզուրի միջանցքը, որպեսզի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կամ երկրի հիմնական մասում բնակվող ադրբեջանցի քաղաքացիները անխոչընդոտ ցամաքային հաղորդակցություն ունենան»։
«Խոսքը 42 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծի մասին է, որը, ցավոք, ավերվել է հակամարտության արդյունքում։ Խոսքը միայն բացակայող տեղամասի կառուցման մասին չէ: Ի դեպ, մեր կողմից այս աշխատանքը գրեթե ավարտված է։ Նկատի ունեմ Հորադիզ-Ագբենդ հատվածը։ Ցավոք, հայկական կողմը չի էլ սկսել աշխատել այս նախագծի տեխնիկական հիմնավորման վրա»,- ասել է նա։