Անցած 5 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 62 պատահար
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 186 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 46, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 22-ական, խարդախության՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խուլիգանության՝ 9, զենք - զինամթերքի առգրավման՝ 6, հոգեկան ներգործության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և կաշառակերության՝ 3-ական, սպանության փորձի, խոշտանգման, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթման, ինչպես նաև շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու՝ 2 - ական, պետական ունեցվածքի գողության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փողերի լվացման, հարկերից խուսափելու, անհետաձգելի միջամտության կանոնները խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ և կնիքներ շորթելու, ոչնչացնելու կամ վնասելու, ինքնիրավչության, դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի նկատմամբ բռնություն գործադրելու, ազատությունից ապօրինի զրկելու և դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 4 անհետ կորած և 9 հետախուզվող։
Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ապօրինի ծառահատման 1 դեպք։ Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 62 պատահար. 2 մարդ զոհվել է, 82-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: