Իսրայելի բանակի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ–ի փոխղեկավարը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին տեղեկացրել է Լիբանանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կազմակերպության Քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրիի մահվան պատճառով Իսրայելի հետ զինադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների դադարեցման մասին։ Այդ մասին հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ ալ-Արուրին վերջին մի քանի օրվա ընթացքում շփվել է միջնորդների հետ՝ Գազայի հատվածում զինադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման գործարքի հասնելու համար։ Աղբյուրները հայտնել են, որ նա մտադիր է եղել հաջորդ շաբաթ մեկնել միջնորդների հետ բանակցությունների:
Հեռուստաալիքի զրուցակիցները պնդում են, որ միջնորդներն այժմ աշխատում են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավարի սպանությունից հետո հետագա էսկալացիան դադարեցնելու ուղղությամբ։ Ենթադրվում է, որ Իսրայելը միջնորդներին տեղեկացրել է, որ «չի դադարեցնի սպանությունները» և հրաժարվում է դադարեցնել դրանք զինադադարի դիմաց, հայտնում է Al-Arabiya-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։
Երեկ՝ հունվարի 2-ի երեկոյան, Reuters-ը եւ լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Բեյրութում ՀԱՄԱՍ-ի գրասենյակին։ Ավելի ուշ պաղեստինյան շարժումը հաստատել է, որ հարձակման արդյունքում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին։
Al-Monitor–ի փոխանցմամբ՝ խաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նաև հաստատել է հունվարի 2-ի հարվածի հետևանքով Ալ-Կասամ խմբավորման ռազմական թևի երկու հրամանատարների մահը։ Միևնույն ժամանակ, հրամանատարների անունները չեն նշվում։