Կիեւը ստանում է Արցախի հարցում իր դիրքորոշման հետեւանքները․ Ռուսաստանի ձեռքերն ազատ են
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Պուտինին համեմատել է կենդանու հետ, որը զգում է դիմացինի թուլությունը։ Զելենսկին այս մասին խոսել է Արեւմուտքի կողմից Ուկրաինայի աջակցության կրճատման համատեքստում։ Արյունը այդ կենդանու՝ Պուտինի ուժն է։
«Պուտինը կենդանու պես թուլություն է զգում, քանի որ նա հենց կենդանի է։ Նա զգում է արյունը, զգում է իր ուժը։ Նա կուտի ձեզ բոլորիդ ընթրիքին՝ ձեր ողջ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ազատության և ժողովրդավարության հետ միասին», զգուշացրել է Զելենսկին։
Պուտինը զգացել է Արեւմուտքի թուլությունը եւ խաղում է դրա վրա։ Միջուկային եւ այլ բնույթի շանտաժը, հիբրիդային պատերազմի միջոցների կիրառումը մի ուղղությունն են։ Պուտինի մյուս «առավելությունն» այն է, որ մարդկային կյանքը Ռուսաստանում արժեք չունի, ռուսաստացի ժողովուրդը դեգրադացված է եւ սոցիալական-կենսական պայմանների որեւէ «նշաձող» չունի։ Այն խավը, որը չի տեղավորվում այս ձեւակերպման մեջ, վաղուց հեռացել է երկրից։ Ռուսաստանը պատերազմի ամեն մի օրը ծախսում է մոտավորապես այնքան, որքան ստանում է նավթի եւ այլ հումքի վաճառքից։
Արեւմուտքը, նախեւառաջ ԱՄՆ, մտահոգված է գլոբալ կայունությամբ եւ չի ցանկանում Ռուսաստանի փլուզումը։ Ակնհայտ է, որ եթե Ուկրաինան ստանար սպառազինության անհրաժեշտ կոնյունկտուրան, Ռուսաստանը վաղուց պարտված եւ դուրս շպրտված կլիներ Ուկրաինայից։ Արեւմուտքը թույլ չի տալիս ՌԴ պարտությունը, եւ Ուկրաինային մատակարարում է այնքան, որ ուկրաինական ճակատը եւ պետական համակարգը չփլուզվեն։
Սա իհարկե խնդրի մի մասն է միայն, մակերեսին գտնվողը։ ԱՄՆ պահում է այսպես կոչված «երկրորդ ուղու ալիքը» Ռուսաստանի հետ, եւ փորձ է արվում Կիեւին պարտադրել հող խաղաղության դիմաց պլան։ Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան գաղտնաժողովին կայացվեց Արցախի օկուպացիայի ու բնիկ մեծամասնության արտաքսման որոշումը։ Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ հաստատեց ռուս-թուրքական գործարքին իր բարձր հովանին։
Ուկրաինացիները հայեր չեն եւ չընդունեցին պարտադրվող պլանը, աչքի առաջ ունենալով նաեւ հետեւանքները։ Միեւնույն ժամանակ, Կիեւին պետք է պարբերաբար հիշեցնել իր դիրքորոշումը Արցախի հարցում։ Կիեւի պաշտոնական քարոզչությունը Բաքվին իր աջակցությունը «հիմնավորում» էր նրանով, թե Արցախը Բաքվի լիակատար վերահսկողությանն անցնելու դեպքում Ռուսաստանի դիրքերը կթուլանան, ինչը կանդրադառնա իրավիճակի վրա Ուկրաինայում, բնականաբար՝ դրական իմաստով։ Նույն այս դեբիլությունն էր կրկնում հայաստանյան մեդիա-քաղաքագիտությունը։
Դժվար է կարծել, թե ուկրաինական վերնախավն այդ աստիճան անմեղսունակ էր, կամ չէր կողմնորոշվում, որ Արցախի հարցում աջակցում էր Ռուսաստանին։ Իսկ գուցե լավ էլ հասկանո՞ւմ էր։ Կիեւում սեպտեմբերից սկսած եւ հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում երեւի հասկացել են, թե որքան է «թուլացել» Ռուսաստանը Արցախի օկուպացիայից հետո։ Եվ գուցե հասկանան, որ Ուկրաինային արեւմտյան օգնության սահմանափակումներն ուղիղ կապված են Արցախի հարցում Արեւմուտք-Ռուսաստան գործարքի հետ։ Արցախի օկուպացիայից հետո Ռուսաստանի ձեռքերն ազատ են Ուկրաինայում։ Սկսած «մանրուքներից»՝ Արցախի ՊԲ-ից խլված 14 միլիոն միավոր զենքը տեղափոխվել է ուկրաինական ճակատներ։