ՀԱՄԱՍ-ը Գազայի հիվանդանոցն օգտագործել է որպես հրամանատարական կետ. ԱՄՆ հետախուզություն
ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները, որոնք ահաբեկչական խմբավորումներ են ճանաչվել Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից, օգտագործել են Գազայի «Ալ-Շիֆա» հիվանդանոցը որպես հրամանատարական կետ և զենքի պահեստ: Այնտեղ նաև մի քանի պատանդներ են պահվել, որոնք վերցվել էին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ: Այս մասին ասվում է ամերիկյան հետախուզության գաղտնազերծված զեկույցում, որը մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները, գրում է Радио «Свобода»–ն:
ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» զինյալները լքել են հիվանդանոցը և դրա ստորգետնյա բունկերը իսրայելական ռազմական վերահսկողության տակ անցնելուց օրեր առաջ՝ ոչնչացնելով փաստաթղթեր և էլեկտրոնային սարքավորումներ, ըստ փաստաթղթին ծանոթ ամերիկացի պաշտոնյայի: Նշվում է, որ այս եզրակացությունները հիմնված են ինչպես ամերիկյան, այնպես էլ իսրայելական հետախուզության տվյալների վրա։
Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը՝ «Ալ-Շիֆա» հիվանդանոցը ՀԱՄԱՍ-ի զինյալներից մաքրելու համար, գրավել է Իսրայելի նկատմամբ միջազգային ուշադրությունն ու առաջացրել իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը՝ քաղաքացիական թիրախի դեմ ռազմական ուժի անհիմն կիրառման համար: Իսրայելը պնդել է, որ հիվանդանոցն ու դրա տարածքի ստորգետնյա կառույցներն օգտագործվում են ՀԱՄԱՍ-ի զինյալների գործողությունները վերահսկելու համար՝ այն դարձնելով օրինական թիրախ հարձակումների համար: Այնուհետև բժշկական համալիրի տակ թունելներ են հայտնաբերվել, որոնք, ըստ իսրայելցի պաշտոնյաների, օգտագործել են ՀԱՄԱՍ-ը և Իսլամական ջիհադը։
Կոնգրեսի անդամներին ուղարկված ԱՄՆ հետախուզության այս վերջնական զեկույցը հաստատում է ԱՄՆ հետախուզության նախնական բացահայտումները, որ Սպիտակ տունը աջակցություն է հայտնել Իսրայելի գործողություններին Ալ Շիֆա հիվանդանոցում գործողության ընթացքում: