Պատմական ռեկորդ. 2023թ. Պուտինի ստորագրած հրամանագրերի կեսը գաղտնի է եղել
Յուրաքանչյուր երկրորդ հրամանագիրը, որը 2023թ. ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, եղել է գաղտնի։ Գաղտնի հրամանագրերի բաժինը հասել է 49,5 տոկոսի. ցույց են տալիս «Մեդիազոնա» պարբերականի հաշվարկները՝ կատարված իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքի տվյալների հիման վրա։
2022թ. Ուկրաինա ներխուժման ֆոնին գաղտնի հրամանագրերի բաժինը ավելացել է՝ հասնելով 45 տոկոսի։ Գաղտնի հրամանագրերի նախորդ ռեկորդը Վլադիմիր Պուտինը սահմանել է 2001թ. (47 տոկոս). այն ժամանակ Երկրորդ չեչենական պատերազմի թեժ փուլն էր։
Պուտինի ստորագրած հրամանագրերի ընդհանուր քանակությունը ներխուժման երկրորդ տարում չի փոխվել. 2022թ. հրամանագրի վերջին հրապարակված համարը՝ 996, 2023թ.՝ 997։
Նախագահի 2023թ. հրապարակված հրամանագրերում զգալիորեն ավելի են շատացել զորամասերին (նավերին) «գվարդիական» կոչման շնորհումների մասին փաստաթղթերը։ Թե ինչն է դառնում կոչման շնորհման առիթ՝ հայտնի չէ, քանի որ փաստաթղթերում դրված է ստանդարտ ձեւակերպում՝ «զանգվածային հերոսության եւ քաջության, տոկունության եւ արիության համար»։