Եկեղեցուն ձայնի իրավունքից զրկելը պետք է ստանա իրավական գնահատական. իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյան
Քաղաքական իշխանության կողմից երեկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Եկեղեցի) ձայնի իրավունքից փաստացի զրկելը շատերիս համար անսպասելի էր, այն խռովվեցրեց նույնիսկ այնպիսի գիտակից մարդկանց, ովքեր ունեն դավանաբանական այլ համոզմունքներ. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը:
«Այնուամենայնիվ, իշխանության համար, ամենայն հավանականությամբ, անսպասելի էր իրենց վարքագծի՝ հասարակական հակադարձումը․ Եկեղեցու ձայնը փաստացի դարձավ առավել քան լսելի։
Իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ արդեն պարբերաբար դարձած հարձակումները նման են «մոծակի» կծոցի․ մեր Եկեղեցին «մարսել է» կոմունիստական քաղաքական ռեժիմը, ստալինայն բռնությունները, իսկ մոլագար այլ քաղաքական ռեժիմներին նետել է պատմության աղբամանը։ Այս ամենի արդյունքում Եկեղեցին ձեռք է բերել քաղաքական իշխանության կատաղախտի դեմ ամուր իմունային համակարգ։
Այնուամենայնիվ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության (պետության) կողմից՝ 33 տարվա ընթացքում հաստատված և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածից ԲԽՈՂ կենդանի իրավունքը խախտելը՝ կայուն պրակտիկայով հաստատված ձևաչափ ունեցող ձայնի իրավունքից Եկեղեցուն զրկելը պետք է ստանա իրավական գնահատական։
Նախ՝ հասարակությունը պետք է հետամուտ լինի, որպեսզի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ժամանակ ամրապնդվի Եկեղեցու հանրային օբյեկտիվ-իրավական կարգավիճակը (2020թ․ այս առաջարկը ցավոք Հանձնաժողովը թողեց անհետևանք)։ Մտավախություն ունեմ, որ ներկայիս հանձնաժողովը կոտնձգի ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի դեմ։
Երկրորդ՝ պետք է քննարկել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ-ի և Հանրային հեռարձակողի խորհուրդի դեմ վերը նշված կանոնը խախտելու համար դատական վարույթներ հարուցելու ստրատեգիան։
1) Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ որպես հանրային հեռարձակող, հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից («Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդված), այն ոչ թե պարզապես մասնավոր իրավունքի սուբյեկտ է, որ գործի ազատության սկզբունքի հիման վրա և հեռարձակի այն ինչ իր մտքով է անցնում, այլ հանրային իրավունքի իրավաբանական անձ է, որը գործում է օրինականության սկզբունքի հիման վրա (Օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ կետ)։ Ընդ որում, Հանրային հեռուստաընկերությունը, իր հանրային իրավական կարգավիճակով պայմանավորված, ազատված է սլոթի օգտագործման լիցենզիայից (մեկ ծրագրի համար)։
Հանրային հեռուստատեսության մասին հիշատակվում է նաև ՀՀ Սահմանադրության 196-րդ հոդվածում։
2) Խիստ վիճելի է Հանրային հեռուստաընկերության գործունեությունը վերահսկող Հանրային հեռարձակողի խորհուրդի սահմանադրականությունը և անկախությունը։ Առաջին հայացքից թվում է, որ նրա գործառույթը պետք է վերապահվեր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որն ըստ Սահմանադրության 196-րդ հոդվածի՝ վերահսկողություն է իրականացնում հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվական, կրթական, (․․․) հաղորդումների բազմազանության ապահովման նկատմամբ։ Կամ այդ Խորհուրդը պետք է ունենար առնվազն ինքնավար մարմնի սահմանադրական կարգավիճակ, որի անդամները պետք է նշանակվեին պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդված), մինչդեռ 2020թ․ ընդունված օրենքով նրան նման կարգավիճակ չտրվեց, ավելին՝ Օրենքով սահմանվել է, որ Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը (Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Բոլոր դեպքերում առաջին հայացքից խախտվել է «ինստիտուտ-գործառույթ-լիազորություն» եռամիասնության սահմանադրական ներդաշնակությունը, որը պետք է դառնա դատական քննության առարկա։
Եթե երիտասարդները կազմակերպվեն և նախաձեռնեն իրավաբանական վարույթներ, ապա պատրաստ եմ աջակցել», - գրել է Արթուր Ղամբարյանը: