«Գազպրոմ Արմենիան» տնօրենի նոր տեղակալ ունի
Տարվա վերջին «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար կազմը համալրվել է տնօրենի նոր տեղակալով:
Mediahub-ի տեղեկություններով 2023 թ. դեկտեմբերի 29-ին «Գազպրոմ Արմենիան» ընկերության տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ է նշանակվել Սամվել Ավետիքյանը: Ընկերության պաշտոնական կայքում արդեն հրապարակված է նրա անունը:
Սամվել Ավետիքյանը մինչև 2018 թվականի իշխանափոխությունը, հիշեցնենք, զբաղեցնում էր Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը` համակարգերով մաքսային ոլորտը: 2018-ին ազատվելով ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից Ս. Ավետիքյանը նշանակվել է «Տրանսգազ» ՍՊԸ տնօրենի տեղակալ դարձյալ ֆինանսական գծով, իսկ 2021 թվականի փետրվարից մինչև 2023-ի դեկտեմբեր զբաղեցնում էր Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի «Հրազդան 5» կայանի տնօրենի պաշտոնը:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Աշոտ Հակոբյանն է, որն ունի վեց տեղակալ: Նրանցից մեկը նախկին վարչապետ և «Գազպրոմ Արմենիայի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի որդին է Տիգրան Կարապետյանը, մյուսը ՊԵԿ նախկին նախագահ և դարձյալ «Գազպրոմ Արմենիան» նախկինում ղեկավարած Վարդան Հարությունյանի որդին է Ռուբեն Հարությունյանը, մյուս երկուսը Արտաշես Գաբրիելյանն ու Արարատ Գևորգյանն են, իսկ ցանկում վերջին տեղակալը, որ համակարգում է «Գազպրոմ Արմենիայի» կոմերցիոն և արտաքին կապերի ոլորտը, նախկինում դարձյալ ՊԵԿ փոխնախագահ աշխատած Վախթանգ Միրումյանն է: