Շարունակվող պատերազմներ և խաղաղության տեսլական. վերլուծաբանն ամփոփել է տարին՝ անդրադառնալով միջազգային կարևոր զարգացումներին
Աշխարհում տեղի ունեցող երեք հիմնական հակամարտություններն ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար օրակարգ ձևավորեցին գլոբալ աշխարհաքաղաքականության համատեքստում՝ ազդելով միջազգային հարաբերությունների վրա։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Արմեն Պետրոսյանն՝ ամփոփելով անցնող տարին ու հանգամանորեն անդրադառնալով միջազգային ասպարեզում տեղի ունեցող հիմնական երեք հակամարտություններին և դրանցով պայմանավորված աշխարհաքաղաքական իրողություններին։
Ռուս-ուկրաինական հակամարտություն
Ի սկզբանե ակնկալվում էր, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն անցնող տարում աչքի է ընկնելու ռազմական գործողությունների ինտենսիվությամբ և որպես հետևանք՝ կարող էր լինել ռազմադաշտում նոր ստատուս-քվոյի հաստատումը, բայց նման իրավիճակ չստեղծվեց։ Այդքան սպասված ուկրաինական հակահարձակումը, որը պետք է իրավիճակ փոխեր մարտադաշտում և ազդեր նաև հակամարտության քաղաքական բաղադրիչի վրա, մեծ հաշվով՝ տեղի չունեցավ։
Պետրոսյանի կարծիքով՝ պատճառները մի քանիսն են՝ ներքին իրավիճակը, հակամարտության պայմաններում տեղի ունեցող զարգացումները, հնարավորությունների բարելավումները, ինչպես նաև արտաքին իրավիճակը, ընդ որում՝ ավելի շատ պետք է կենտրոնանալ արտաքին իրավիճակի վրա, քանի որ դա բովանդակային առումով ավելի շատ է ազդում ամբողջ աշխարհի և մասնավորապես մեր տարածաշրջանի վրա։
«Խոսքն այլ հակամարտությունների ակտիվացման պարագայում՝ Ուկրաինայի հիմնական աջակից արևմտյան երկրների ջանքերի բաժանման մասին է, որովհետև ռուս-ուկրաինական հակամարտությանը զուգահեռ որևէ պրոցես, որն ուղիղ ազդեցություն չի կարող ունենալ այս հակամարտության վրա՝ ավելացնելով նոր խնդիրներ Ռուսաստանի համար, բնականաբար, բացասական հետևանքներ է ունենալու Ուկրաինայի համար։ Նույն պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որի հերթական փուլը մեկնարկեց անցնող տարվա հոկտեմբեր ամսին, ջլատեց Ուկրաինային ցուցաբերվող բազմաշերտ ջանքերը՝ ռազմական, նյութական, ֆինանսական և դիվանագիտական, ինչն էլ ռուս-ուկրաինական հակամարտության մեջ չհանգեցրեց բովանդակային փոփոխության»,-նշեց վերլուծաբանը և հավելեց, որ այնուամենայնիվ, որոշակի ածանցյալ արձանագրումներ եղան։
Օրինակ՝ Արևմուտք-Ռուսաստան խորացող հակամարտության ֆոնին տեղի ունեցան Ռուսաստանին առնչվող զարգացումներ, բայց ոչ ուկրաինական ճակատում, ինչպիսին ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր՝ ի դեմս Ֆինլանդիայի, իսկ Շվեդիայի անդամակցությունը մոտ ապագայում նույնպես շատ հավանական է։ Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանի համար մյուս կարևոր ռազմավարական խնդիրը Հարավային Կովկասում առաջացած իրավիճակն էր, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ զարգացումները։ Պետրոսյանի բնորոշմամբ՝ ՌԴ-ն չկարողացավ լիարժեքորեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, չկարողացավ ապահովել անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։
«Բայց մյուս կողմից պաղեստինա-իսրայելական հակամարտության մեկնարկը որոշ հանգամանքների բերումով արդեն մարտավարական հնարավորություններ ընձեռեց Ռուսաստանին, որն օգտվեց Արևմուտքի ջանքերի դիվերսիֆիկացումից, ինչի հետևանքով ձախողվեցին Ուկրաինայի հնարավոր հաջողությունները մարտադաշտում։ Եթե հիշում եք, նույնիսկ ռազմական գործողությունների պարագայում ռուս-թուրքական համակողմանի համագործակցության արդյունքում նախապես մեկնարկել էր ուկրաինական հացահատիկի արտահանման գործընթացը, որն այդպես էլ չշարունակվեց, թեև նախատեսված էր ավելի աղքատ երկրների համար, որտեղ առկա է սովի վտանգը։ Հիմնական պատճառը ՌԴ-ի և Արևմուտքի միջև խորացող հակամարտությունն է։ Այն իրավիճակը, որ ստեղծվել է ուկրաինական պատերազմի ֆոնին, մեծապես ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև անցնող տարին այդ երկրի համար ժամանակ ձգելու միջանկյալ շրջափուլ էր։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի մեկնարկն, ըստ էության, բարելավվեց Ռուսաստանի դիրքերը ոչ միայն ռազմադաշտում, այլև միջազգային ասպարեզում՝ խախտելով այն մեկուսացումը, որ ցանկանում են իրականացնել նրա հակառակորդները։ ՌԴ-ն լուծեց իր խնդիրը և եթե կարողանա միաժամանակ պահպանել ռազմական գիծը և դիմակայել Արևմուտքի համակողմանի ճնշումներին, ապա 2024 թվականն ավելի հեշտ կլինի՝ հաշվի առնելով, որ գալիք տարին ընտրական է լինելու ԱՄՆ-ում, որտեղ չի բացառվում նոր վարչակարգի ձևավորումը»,- նշեց մեր զրուցակիցը։
Պաղեստինա-իսրայելական հակամարտություն
Պետրոսյանի դիտարկմամբ՝ չնայած միջազգային հանրության կողմից ցուցաբերվող ահռելի ջանքերին, պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շարունակվում է՝ իր հետ բերելով նոր արհավիրքներ։ Պետք է հասկանալ, որ տվյալ հակամարտության վերսկսումն ուղղակիորեն ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքն է և անմիջականորեն կապված է աշխարհաքաղաքական իրավիճակի կամ գործող աշխարհակարգի փոփոխման հետ։ Մերձավորարևելյան պատերազմը և դրա պատճառով արագացած միջազգային իրավակարգի փոփոխության գործընթացը չէր լինի, եթե աշխարհաքաղաքական վերջին իրողությունները չլինեին։
«Բավականին բարդ է կանխատեսել այս հակամարտության հետագա ընթացքը։ Այդուհանդերձ, Իսրայելի կողմից կա հստակ սահմանված նպատակ՝ Գազայի հատվածի ամբողջական վերահսկում և այնտեղ ՀԱՄԱՍ-ի ներկայության իսպառ բացառում։ Իսրայելը գնալու է այդ նպատակի իրականացմանն այնքան, որքան հնարավոր լինի։ Ակնհայտ է, որ կա ուժերի անհամաչափություն՝ մի կողմում իսրայելական կանոնավոր և լավ զինված բանակն է, մյուս կողմում՝ շրջափակման մեջ գտնվող ռազմականացված կազմակերպությունը, որի անհամալրելիության պայմաններում Իսրայելը ձգտելու է լուծել իր խնդիրները, քանի դեռ թույլ կտա միջազգային իրադրությունը։ Իսրայելի հիմնական աջակիցը Միացյալ Նահանգներն է և որքան ԱՄՆ-ն կարողանա դիվանագիտական հովանոց ապահովել Իսրայելի համար, վերջինս այդքան կշարունակի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, Լիբանանում և Սիրիայում»,- նշեց վերլուծաբանը։
Իսրայելը դիմակայում է երեք ճակատով և ձգտում է հակահարվածներ տալ նաև լիբանանյան «Հզբոլլահին» ու սիրիական իրանամետ ուժերին։ Պետրոսյանի դիտարկմամբ՝ առկա է նաև մեկ այլ մակարդակում ծավալվող իրանա-իսրայելական մրցակցություն, երբ Թել Ավիվի ու նրա դաշնակիցների կողմից փորձ է արվում էականորեն նվազեցնել Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, և այդ նպատակով Իսրայելն օգտագործում է նաև Ադրբեջանին։
«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կդադարեցնի օգնությունը Իսրայելին, որովհետև ցանկացած ընտրության ժամանակ ամերիկաբնակ հրեաների լոբբիստական աջակցությունը խիստ անհրաժեշտ է հատկապես դեմոկրատներին։ Հենց տեղաբնակ հրեաների ակտիվ աջակցությամբ Բայդենը հաղթեց նախագահական ընտրություններում և եթե հիմա դադարեցնի օգնությունն Իսրայելին, ինչը կարող է էապես ազդել պատերազմական գործողությունների ընթացքի վրա, ապա դա կունենա ներքին բացասական հետևանքներ Միացյալ Նահանգների համար։ Եթե ԱՄՆ-ն կանգնած չլիներ համապետական ընտրությունների նախաշեմին, իրադարձությունները գուցե կլինեին ավելի կանխատեսելի և նույնիսկ Բայդենի վարչակազմն ավելի կոշտ երկխոսության կունենար Թել Ավիվի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հայ-ադրբեջանական հակամարտություն և հարավկովկասյան զարգացումներ
Վերլուծաբանի կարծիքով՝ մեր տարածաշրջանը նույնպես ուղիղ կերպով կրում է նույն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում և անմիջականորեն բխում են ռուս-ուկրաինական հակամարտությունից։ Աշխարհաքաղաքական մրցակցությունը ռազմաքաղաքական տեսանկյունից, կամա թե ակամա, որոշակիորեն տեղայնացվել է Հարավային Կովկասում, հետևաբար Լեռնային Ղարաբաղի հայաթափումն ու կորուստը չէր լինի, եթե աշխարհաքաղաքական իրավիճակն այսպիսին չլիներ, եթե Արևմուտք-Ռուսաստան առճակատումը չտեղափոխվեր մեր տարածաշրջան, որից օգտվելով՝ Ադրբեջանն ինչ-ինչ պայմանավորվածությունների եկավ Արևմուտքի հետ և Թուրքիայի աջակցությամբ կարողացավ լուծել իր խնդիրը։
«Նման պայմաններում խաղաղության հաստատման վերաբերյալ խոսույթն ընդամենը քող է, որի տակ տեղի են ունենում տարաբնույթ գործարքներ նաև մեր տարածաշրջանում, ուստի պետք չէ շտապել ու պնդել, որ տևական, կայուն խաղաղությունը մոտ է Հարավային Կովկասին։ Ընդհակառակը՝ մեր տարածաշրջանում շատ ավելի մեծանում է նաև գլոբալ առճակատման հնարավորությունը՝ հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան խորացող հակամարտության ֆոնին մեզ մոտ արձանագրվող իրողությունները։ Խոսքը Հայաստան-ԵՄ փոխգործակցության սերտացման և զուգահեռաբար Մոսկվայից հնչող քննադատությունների մասին է, թե իբր ՀՀ-ն փոխում է արտաքին քաղաքական վեկտորը։ Այսինքն՝ դիմակայությունը դիվանագիտական և տնտեսական մակարդակներում արդեն իսկ տեղայնացվել է Հարավային Կովկասում։ Մի կողմից խոսում են խաղաղության մասին, բայց իրականում տեղի են ունենում բոլորովին իրարամերժ պրոցեսներ»,- նշեց Պետրոսյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ մյուս իրողությունը կապված է Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայության հետ, որը ձգտում է խնդիրներ լուծել ոչ բանակցային սեղանի շուրջ, ինչը տեղի է ունեցել մինչ այժմ և պատրաստ էլ չէ իրեն կաղապարել փաստաթղթային պարտավորություններով։ Ադրբեջանական կողմն այդ համատեքստում շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ բարձրացնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և անկլավների հարցը։
Իսկ ինչ վերաբերում է ռեգինոլ մրցակցությանը, ապա Պետրոսյանն ընդգծեց, որ տարածաշրջանային գործընթացների ֆոնին Ռուսաստանի ազդեցության թուլացմանը զուգահեռ մեծանում է Արևմուտքի և Թուրքիայի ազդեցությունը, հետևաբար Իրանի կողմից անընդհատ «3+3» ձևաչափի առաջմղումը մրցակիցների ախորժակը զսպելու նպատակ ունի։
«Այդ հարթակը չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար, քանզի ընձեռում է տարածաշրջանում սեփական խոսքն ասելու հնարավորություն։ Հարավային Կովկասում սերտորեն համագործակցում են Թուրքիան և Ադրբեջանը, գործնական լավ հարաբերություններ կան ՌԴ-ի և նշված երկու երկրների միջև, իսկ Իրանը փորձում է հավասարակշռություն հաստատել և համաչափորեն խաղալ երկու ուղղություններով։ Եթե «3+3» ձևաչափը չգործի, ապա Իրանը կզրկվի նաև մեզ այդ մակարդակում ինչ որ պահի անմիջական աջակցություն ցույց տալու հնարավորությունից»,- ասաց վերլուծաբանը։