Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմում հայկական համայնքի վրա կատարված հարձակումը
Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի նկատմամբ բռնությունները և հայտարարել, որ Իսրայելի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։
Այս մասին հայտարարություն է տարածել Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը X-ի իր միկրոբլոգում։
«Ֆրանսիան՝ ի դեմս Երուսաղեմում գլխավոր հյուպատոսության, իր համերաշխությունն է հայտնում հայ համայնքին և շարունակում է հետևել իրավիճակի զարգացմանը»,- նշված է գրառման մեջ։
Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր: