87 MAN ավտոբուսներ, 150 «Ժոնգտոնգ» ավտոբուսներ, 15 տրոլեյբուս. Ավինյանը 2023-ն աննախադեպ է համարում
2023-ը Երեւանի ծրագրերի առումով աննախադեպ հագեցած տարի է եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«2023-ին Երեւան է ներկրվել թվով 87 MAN մակնիշի ավտոբուսներ, որոնք հիմա գործում են 8 երթուղիներում: Սկսել են շահագործվել նոր 150 Ժոնգտոնգ միջին տեղատարողության ավտոբուսները: Այս ավտոբուսներով շահագործվում է թվով 31 երթուղի: Ամբողջապես գծերից հանվել են «Գազել»-ները: Կազմակերպվել է Երեւան ներկրված թվով 15 շարժման ընթացքում լիցքավորվող տրոլեյբուսների աշխատանքները երկու երթուղիներում:
Չինական կողմի հետ պայմանավորվածությունների արդյունքում, առանց հավելավճարի 2024-ի հունվարի վերջին Երեւան կներկրվի եւս 30 Ժոնգտոնգ ավտոբուս: Հնարավորություն է ստեղծվել առցանց քարտեզներում հետեւել տրանսպորտի տեղաշարժին»,-ասաց Ավինյանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն 662 ավտոբուսներում տեղադրվել են վալիդատորները, մետրոյի կայարաններում անցարգելները. «QR կոդ տոմսերի վաճառքն ապահովված է թղթային տեսքով՝ Թելսել վճարային տերմինալներից եւ էլեկտրոնային տեքսով Թելսել վոլեթ բջջային հավելվածից:
Ավինյանի խոսքով, 2024-ին կներդրվի տոմսային նոր համակարգը, կլինեն օրական, շաբաթական, ամսական, տարեկան տոմսեր: