Դիսպնոէ․ ե՞րբ դիմել բուժօգնության
Դիսպնոէն կրծքավանդակի ձգվածության զգացումն է, երբ մարդն ի վիճակի չէ խորը շունչ քաշել, ունի հևոց և շնչարգելություն:
Շնչարգելությունը կարող է լինել բազմաթիվ տարբեր առողջական խնդիրների ախտանիշներից մեկը: Կարելի է նկարագրել այն որպես կրծքավանդակի լարվածություն կամ ձգվածություն կամ խորը շնչելու անհնարինություն:
Շնչարգելությունը կամ դժվարաշնչությունը հաճախ սրտային և թոքային խնդիրների ախտանիշներից մեկն է, սակայն կարող է առաջանալ նաև այլ հիվանդությունների ժամանակ, օրինակ՝ ասթմա, ալերգիաներ կամ տագնապ և խուճապի նոպա: Ծանրաբեռնված վարժանքները կամ ցուրտը նույնպես կարող են առաջացնել շնչարգելության զգացում:
Երբեմն շնչարգելության կամ օդի սուր պակասի զգացումը կարող են ահազանգել կյանքին սպառնացող հիվանդության մասին:
Բժշկական միջամտությունն անհրաժեշտ է, եթե՝
ունեք հանկարծակի սկսվող հևոց,
ունեք օդի սուր պակասի կամ շնչահեղձության զգացում,
նույնիսկ 30 րոպե հանգիստ վիճակում մնալուց հետո շնչառությունը չի կարգավորվում:
Շնչարգելությունը կամ հևոցը խիստ տարածված երևույթներ են, քանի որ ունեն բազմաթիվ տարբեր պատճառներ: Ցանկացած մարդ կարող է զգալ օդի պակաս և լիաթոք շնչելու անհնարինություն, սակայն այս երևույթներն ավելի հաճախ առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն՝
անեմիա ,
ասթմա,
տագնապ և անհանգստություն,
սրտային կամ թոքային խնդիրներ,
ծխելու պատմություն,
վարակներ,
վատ մարմնակառուցվածք,
ծանր գիրություն:
Բազմաթիվ առողջական խանգարումներ կարող են առաջացնել դժվարաշնչություն և հևոց: Ամենահաճախ հանդիպող պատճառները թոքային և սրտային հիվանդություններն են: Նորմալ շնչառությունը կախված է այս օրգաններից, որոնք թթվածինը փոխադրում են արյան հուն և տեղափոխում բոլոր մյուս օրգաններն ու հյուսվածքները:
Օդի պակասի և շնչարգելության զգացումները կարող են լինել սուր՝ շարունակվելով ընդամենը մի քանի օր կամ ավելի պակաս: Այլ դեպքերում, եթե այն քրոնիկ է, կարող է ձգվել ավելի քան 3-6 ամիս:
Դժվարաշնչության պատճառը հայտնաբերելու համար բժիշկը կարող է առաջարկել՝
արտաքին զննում. սա ներառում է ջերմաչափումը և թոքերը լսելը,
պուլս օքսիմետրիա. սա փոքր սարք է, որը մատի սենսորի միջոցով ցուցադրում է արյան մեջ թթվածնի մակարդակը,
պատկերման հետազոտություններ. կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը կամ թոքերի համակարգչային տոմոգրաֆիան կարող են հայտնաբերել շնչարգելության պատճառը, եթե դեռևս չի հայտնաբերել որևէ քրոնիկ հիվանդություն,
արյան հետազոտություններ. այս թեստերը կարող են հայտնաբերել անեմիան, վարակները և այլ հիվանդություններ,
թոքերի ֆունկցիոնալ հետազոտություններ. այս թեստերը տրամադրում են ձեր շնչառության վիճակը գնահատող ցուցանիշներ,
սիրտ-թոքային վարժանքի թեստ. այս թեստերը տվյալներ են տրամադրում ֆիզիկական ակտիվության ժամանակ (օրինակ՝ տրեդմիլ կամ ստացիոնար հեծանիվ) ձեր թոքերի կողմից կլանվող թթվածնի և արտանետվող ածխաթթու գազի վերաբերյալ:
հիվանդություն, որի պատճառով հաճախ զգում եք շնչարգելություն, ապա հետևեք ձեր նշանակումներին և բժշկի հրահանգներին, թե երբ է պետք նրան անհանգստացնել:
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ձեր շնչարգելությունը սովորականից ավելի ծանր է կամ եթե այն սկսել է խանգարել ձեր առօրյա գործունեությանը: Հիշեք, որ երբեմն օդի անբավարարությունը կարող է ահազանգել անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտության մասին: Դիմեք հիվանդանոց, եթե 30 րոպե հանգիստ պայմաններում մնալուց հետո ձեչ շնչարգելությունը չի մեղմանում:
Առանց հետաձգելու զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե դուք ունեք՝
կապտավուն երանգավորված մատներ կամ շրթունքներ
կրծքավանդակի ցավեր կամ ծանրության զգացում, հատկապես, եթե այն ուղեկցվում է առատ քրտնարտադրության և սրտխառնոցի հետ
սրտխփոց (հաճախացած կամ անկանոն սրտազարկի զգացողություն)
բարձր ջերմություն, փոխանցում է Aysor.am-ը։