Բաքվում հույս ունեն՝ Հայաստանի հետ առերես շփումները կվերսկսվեն 2024 թվականին. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր կարծիքով՝ 2024 թվականին Բաքուն և Երևանը կվերսկսեն առերես շփումները՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու համար:
«2023 թվականին տեղի են ունեցել մի քանի առերես հանդիպումներ, որոնք գործընթացի (բանակցությունների) կարևոր բաղադրիչն են, բայց վերջին ամիսներին այստեղ որոշակի լճացում կա, այսինքն՝ առերես հանդիպումներ չեն անցկացվում։ Կարծում ենք, որ 2024 թվականին մենք ականատես կլինենք նման շփումների վերսկսմանը և անցկացմանը», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «ժամանակ չձգձգելու համար կողմերը շարունակել են աշխատել խաղաղության համաձայնագրի վրա՝ միմյանց փոխանցելով նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները»:
Բայրամովն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ բավականին լավատեսորեն է նայում 2024 թվականին «խաղաղության ուղղությամբ զարգացմանը»: «Ադրբեջանը, հաշվի առնելով իր լեգիտիմ շահերը, պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ դրական պատասխան քայլերը», — հավելել է նա: