Իմ բազում կերպարներից առաջին տիկնիկի համար ընտրեցինք հենց այս մեկը․ Սիրուշո (լուսանկարներ)
Երգչուհի Սիրուշոն իր սոցհարթակներում հետևորդների հետ կիսվել է իր բրենդային տիկնիկների առաջին նմուշով: Տիկնիկը հայկական տարազով է՝ ոգեշնչված երգչուհու PreGomesh երգի տեսահոլովակի կերպարից:
«Մեր առաջին տիկնիկը: Իմ փոքրիկ երկրպագուների մասին ինձ շատ են պատմում մամաները: Եվ արդեն քանի տարի է՝ փորձում էինք ստանալ մեր պատկերացրած բարբին։ Ինչու՞ բարբի, որովհետև դա իմ սիրելի տիկնիկն է եղել մեծանալիս. գեղեցկության չափանիշ էր, ու երեւի դեռ մանկուց ցանկություն էր տեսնել ավելի հայկական դիմագծերով ու մեզ նման տիկնիկ»,-գրել է Սիրուշոն։ Նա նաև բացատրել է տիկնիկի կերպարի ընտրությունը:
«Իմ բազում կերպարներից առաջին տիկնիկի համար ընտրեցինք հենց այս մեկը, որպեսզի այն ոչ միայն լինի իմ նվերն իմ փոքրիկ երկրպագուներին, այլեւ բարբիի չափանիշներին համապատասխան առաջին հայկական տիկնիկը, որը տարազ է կրում՝ պատրաստված բարբի ստեղծող ընկերության վստահված գործարանի կողմից։
Չեմ կարող ասել, թե քանի անգամ ենք ձեւափոխման ենթարկել, որպեսզի կոպիի և քամարի լավ ու ճիշտ տարբերակներ ստանանք: Մանրակրկիտ ենք եղել նույնիսկ քիթիկի հարցում, որը խնդրել ենք, որ մի փոքր ավելի ընդգծված լինի ու հայկական»,- գրել է երգչուհին։
Երգչուհին հավելել է, որ տիկնիկներն այս պահին սահմանափակ քանակով են ստեղծված, իսկ վաղվանից կլինեն Երեւանի խոշոր խաղալիքների խանութներում: