Տուժողը հրաժարվել է ցուցմունք տալ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ խուլիգանական արարքներ կատարելու վարույթով․ նրան մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2023թ․ հունիսի 19-ին Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը՝ նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով ներկայացված մեղադրանքով, ուղարկվել է դատարան։
Նշված քրեական վարույթով տուժող էր ճանաչվել Գորիս քաղաքի՝ ավտոդողերի վաճառքով զբաղվող 46-ամյա բնակիչը։ Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Գորիսում գործող ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ առաջացած պարզաբանումների ընթացքում Տ․Խաչատրյանը, իր սեփական անձի առավելություններն ընդգծելով և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելով, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ և համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, շրջապատի անդորրը խախտելով՝ իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա վերոնշյալ տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք։
Նախաքննության ընթացքում 46-ամյա տուժողը, զգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ ցուցմունք տալու, հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություն ունենալու մասին, չհանդիսանալով իր, ամուսնու, մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու պարտականություն չունեցող անձ, ապօրինի հրաժարվել էր Տ.Խաչատրյանի կողմից կատարված միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալ:
Այս փաստի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի շրջանակներում, վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու համար 46-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք։
Այս քրեական վարույթով նախաքննությունը ևս ավարտվել է, և նյութերը, ըստ մեղադրանքի 46-ամյա տղամարդու, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։