Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ու Իրանի արտաքին գործերի նախարարը գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծին և կարևորել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը: