Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում և մեր պետությունն ունի բոլորիս անձնվեր ու անխոնջ աշխատանքի կարիքը. նախագահ
Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ:
Հանրապետության նախագահը շնորհավորել է բարձր պարգևներ և կոչումներ ստացած գործիչներին և մաղթել հաջողություններ:
Նախագահն իր խոսքում ասել է.
«Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհավորել այսօր պետական բարձր պարգևներ և կոչումներ ստացած մեր գործընկերներին:
Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում և մեր պետությունն ունի բոլորիս անձնվեր ու անխոնջ աշխատանքի կարիքը: Մեզանից յուրաքանչյուրն իր ոլորտում հարկ է, որ անի հնարավորությունների առավելագույնը, որպեսզի միասնական ջանքով կարողանանք դիմագրավել մեր պետության և ժողովրդի առջև առկա մարտահրավերներին:
Իսկ պետության կամ պետական պաշտոնյաներիս կարևոր գործառույթներից մեկն է արժանին մատուցել իրենց գործի նվիրյալներին, պարգևատրել ու խրախուսել, քանի որ նրանց աշխատանքը ոգևորում է բոլորիս, ուժ ու հավատ է ներշնչում և մղում է նորանոր հաջողությունների:
Այսօր պարգևատրվածներին միավորում է մեկ բան՝ դուք բոլորդ ձեր գիտելիքները, ունակություններն ու կարողություններն օգտագործում եք հանուն և ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման և այս գործում հավասարապես կարևոր են թե գիտնականի, թե զինվորական և թե պետական պաշտոնյայի կամ սպորտսմենի աշխատանքը:
Հարգելի ներկաներ,
Օգտվելով առիթից շնորհավորում եմ գալիք տոների կապակցությամբ, մաղթում բոլորիս ընտանիքներին անսպառ երջանկություն, անվտանգ ու խաղաղ հայրենիքում արարելու բերկրանք, կերտելու ու կառուցելու կորով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորության ու բարօրության»: