«Ուզում ես պայմանագրի մեջ գրենք, ուզում ես պատին գրենք, ռևանշ լինելու է, եթե ԼՂ հարցը չենք լուծում». Սամվել Բաբայան
Արցախը լուծարելու մասին նախագահի հրամանագիրը ուժի մեջ չէ, քանի որ չի հրապարակվել, «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, խորհրդարանական « Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:
«Դուք տեսե՞լ եք այդ ստորագրած հրամանագիրը: Արցախի Սահմանադրությունն ասում է՝ նախագահի հրամանագիր գործում է հրապարակման պահից։ Հրապարակում չի եղել, վերջ, այսինքն՝ մենք քննարկում ենք մի բան, որը ոչ մեկ չի տեսել, չկա: Քանի որ հրապարակման փուլ չի եղել, ոչ մի բան իմ համար ուժի մեջ չէ։ Ես խորհուրդ եմ տալիս չխորանալ և չգնալ էդ դաշտը, դա ոչ մի բան մեզ չի տալիս։ Հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն խաղաղության»,- ասել է նա:
Հարցին, թե գուցե Սամվել Շահրամանյանը նոր հրամանագիր չի ստորագրում, քանի որ ճնշում կա Հայաստանի իշխանության կողմից, Բաբայանն ասաց պետք է հանգիստ թողնեն ընթացքը թող գնա. «Ես ասացի՝ հանուն Հայաստանի և հանուն խաղաղության հանգիստ նստենք, ընթացքը թող գնա։ Հայաստանը Ադրբեջանի հետ վարում է բանակցություններ խաղաղության, որ մենք չխանգարենք, հանկարծ Ադրբեջանը պատճառ դա չդարձնի, մենք ասում ենք՝ գնացեք ձեր ճանապարհով, մենք չենք լուծարել երկիրը և ոչ էլ հերքում ենք, չկա հրաման, չենք տեսել, չգիտենք, վերջ, փակեցինք էջը: Առիթ չդառնանք, որ հետո չասեն, որ մեղավորը հենց ղարաբաղցիք էին, որ խաղաղության պայմանագիրը չստացվեց: Հայտարարում են, չէ՞, որ առանց Ղարաբաղի պատրաստ են պայմանագիր ստորագրեն, թող ստորագրեն, եթե դա Հայաստանին խաղաղություն է բերելու, գնացեք ստորագրեք»:
Սամվել Բաբայանը ասել է, որ համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, թե Ղարաբաղի հարցը փակված է:
«Ես չեմ կարող համաձայնվել, որ Ղարաբաղի խնդիր չկա և դա փակ է։ Փորձում եմ ամեն ինչ անել, որ քաղաքակիրթ ձևով, բանակցությունների միջոցով ղարաբաղցիների վերադարձի հարցը լուծել: Հասկանանք՝ Բաքուն կընդունի՞ էն, ինչ առաջարկում ենք, թե՞ պատրաստ են հարյուրամյակներ շարունակ թշնամանք լինի մեր մեջ, և տարածաշրջանով շահագրգռված ուժերն էլ ռևանշի տանեն։ Ուզում ես պայմանագրի մեջ գրենք, ուզում ես պատին գրենք, ռևանշ լինելու է, եթե Ղարաբաղի հարցը չենք լուծում։ Փաստաթղթով խաղաղություն չի լինում, խաղաղություն է լինում , երբ ժողովուրդներն իրար հասկանում են»,- գրել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: