ԱՊՀ-ն սիմվոլիկ բան է. ավելի կարևոր է դիտարկել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալը. Հովիկ Աղազարյան
Տևական դադարից հետո Հայաստանի վարչապետը դեկտեմբերի 25-ին մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցեց ինչպես Անկախ պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների տարեվերջյան ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին, որի նախագահությունը հունվարի 1-ից փոխանցվելու է ՀՀ-ին։
Այս իրադարձությունն ուշագրավ էր այն համատեքտում, որ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով ամիսներ շարունակ բոյկոտում էր ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի ձևաչափով տեղի ունեցող հանդիպումները, և չէր բացառվում, որ այս հանդիպմանը նույնպես Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։ Հանդիպման շրջանակներում Փաշինյանը շփումներ է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ կարևորում է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները, չնայած, դեռևս չի հասցրել ծանոթանալ դրանց արդյունքներին։
Հովիկ Աղազարյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի աշխատանքները չի բոյկոտում և այս կազմակերպությունից դժգոհություններ չունի։ «ՀԱՊԿ-ն ուրիշ է, ԵԱՏՄ-ն՝ ուրիշ։ ԱՊՀ-ն նույնպես լրացուցիչ ֆորմատ է, ուղղակի համատեղել են այս հավաքին, որտեղ ներկա էին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները։ Այնպես որ սա ՀԱՊԿ-ի հետ կապ չունի, թեև ուղիղ իմաստով կապ չունի, բայց որոշակի կապ այնուամենայնիվ ունի»,- ասաց նա։
Պատգամավորը շեշտեց, որ անգամ ՀԱՊԿ-ի ֆորմատով հանդիպումներին մասնակցելուն ինքը դեմ չէ։ «Երբ դու կեցվածք են ընդունում, ու քո ասածները հաշվի են առնվում, հետևաբար դու էլ քո հերթին պետք է քայլեր ձեռնարկես։ Այնպես չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք եկել, բայց նորից եմ կրկնում՝ սա ՀԱՊԿ-ի ֆորմատը չէ»,- կարծում է նա։
Հարցին, թե ՔՊ-ի արտաքին քաղաքական տեսլականում նախատեսվո՞ւմ է ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից դուրս գալ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ԱՊՀ-ն սիմվոլիկ, խորհրդանշական ինչ-որ բան է՝ համոզմունք հայտնելով, որ այնտեղից դուրս գալ-չգալու հարցն այնքան էլ կարևոր չէ։
«Ավելի կարևոր է դիտարկել ՀԱՊԿ-ից, կամ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալ-չգալու հարցը։ Այդ հարցն էլ օրակարգում չկա, մենք շարունակում ենք մնալ այդ միավորումների անդամ, և ժամանակը ցույց կտա, թե մենք ինչ քայլեր պետք է կատարենք»,- եզրափակեց նա։