Պեսկովն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը «ոտքի վրա կարճ շփում» է անվանել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում, անվանել է «ոտքերի վրա կարճ շփում», այլ ոչ թե բանակցություն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք երեկ բանակցություններ չեն անցկացրել, սակայն միշտ նման միջոցառումները լավ հնարավորություն են ոտքի վրա կարճ շփումների համար։ Այդպես է եղել նաև այս անգամ»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ միջոցառման շրջանակում «բոլորը հնարավորություն են ունեցել ոտքի վրա խոսելու միմյանց հետ որոշ առանցքային կետերի մասին»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։