2024֊ին Համո Սահյանը կդառնա 110 տարեկան. կարդացեք Սահյան
Այդպես մի նայեք իմ արցունքներին...
Տարիքն իմ գլխին այս ի՞նչ է բերում,
Օրհնանքն անեծքից էլ չեմ տարբերում։
Լրբին շնորհում կոչումը սրբի,
Սրբին տանում են, որ կոշիկ սրբի...
Եվ ստիպում են, իրենց հերթական
Հաջողությունից մթնում պարելով,
Որ սուրբը երդվի լրբի արեւով
Եվ նրա առաջ իր վիզը ծռի,
Որ մաքրի նրա կոշիկը ձրի
Եվ շնորհակալ լինի նրանից
Եվ դեռ պարտք մնա...
Ի՞նչ անի սուրբը, ո՞ւմ դուռը գնա։
***
Շներն, ասում են, իրենց նախահոր
Շանորդությունն են ժառանգել միայն։
Ինչքան ուզում է հովիվն աղաչի,
Ինչքան սպառնա, շունը չի հաչի
Ոչ գողի, ոչ էլ գայլերի վրա,
Թեկուզ հաչելն է կոչումը միակ
Ու պարտքը նրա։
Շունը չի ուզում պարտքը կատարել,
Շունը չի ուզում իրեն չարչարել,
Ինչպես ասում են, հեշտ հաց է ճարել
Եվ այդ հեշտ հացից երես է առել։
Շունը գնում է, ուր որ կարենա,
Չեն կախվում պոչից, ոտքը չեն կապում։
Շունը քնում է երբ որ կամենա,
Չեն գոռում վրան, գլխին չեն բամփում։
Լափը տալիս են ճիշտ ժամանակին,
Երբեք չեն խաբում։
Իսկ եթե լափը ուշացավ հանկարծ,
Խեղճ հովվի գլխին շան լափ են թափում։