Որ կուլ չգնանք մեծ աշխարհին. Հայտարարվեց «Արդարություն և Վերադարձ» ՀԿ հիմնադրման մասին
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն բան գին ունի, բայց արժեքները փոխվել են, հայտարարելով «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության հիմնադրման մասին՝ ասաց Մետաքսե Հակոբյանը, ով նորաստեղծ ՀԿ-ի համահիմնադիրներից է։
Նա նշեց, որ կազմակերպության գործունեության առարկան հայրենսիրական, ազգասիրական, բարեգործական ծրագրերի իրականացումն է Հայաստանում և Ափյուռքում։
«Մենք մեր պատմական հայրենիք դեռ վերադառնալու ենք, դրանք զուտ հույսեր չեն, և պետք է մշակույթը, կապիտալը պահպանել։ Պետք է նաև պահպանել ու ուժեղացնել Արցախի ինքորոշման իրավունքի և սուբյեկտայնության հատկանիշները, արցախահայության՝ հայրենի հողում անվտանգ ապրելու, գույքային, հոգևոր ժառանգության և մյուս իրավունքները։ Սա մեր հասարակության անելիքն է և պետք է տեր լինենք այն ամենին, որ հայ ժողովրդի արյան գնով կարողացել ենք վերaդարձնել ու հիմա արյան գնով նորից կորցրել ենք»,-ասաց նա։
Մետաքսե Հակոբյանը նաև նշեց, որ կարևորում է իրենց մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում։
«Մենք պետք է ունենաք ազգային գաղափարախոսությամբ շարժվող շատ կազմակերպություններ, որպեսզի կարողանանք ներկայանալ աշխարհին մեր դեմքով և կուլ չգնանք, ինչպես մեծ աշխարհը փորձում է կուլ տալ փոքր երկրներին»,-ասաց նա։