ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը մեծացնում է ուրանի հարստացման տեմպերը ոչ քաղաքացիական նպատակներով
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Իրանի կողմից ուրանի հարստացման աճող տեմպերը չեն կարող բացատրվել քաղաքացիական ոլորտում որևէ նպատակներով, Վաշինգտոնը չափազանց անհանգստացած է այդ կապակցությամբ։ Երեքշաբթի նման հայտարարություն է արել Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերել է Fox News-ը։
Արտաքին քաղաքականության պաշտոնյան ասել է, որ Միացյալ Նահանգները «չափազանց անհանգստացած է» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցով, ըստ որի՝ Իրանը մեծացրել է ուրանի հարստացման տեմպերը։ Ըստ Պետդեպարտամենտի՝ Թեհրանը «չունի մինչև 60 տոկոսով հարստացման ազդեցիկ քաղաքացիական հիմքեր»։
«Իրանի միջուկային էսկալացիան էլ ավելի մտահոգիչ է, քանի որ նա և նրա ուժերը շարունակում են վտանգավոր և ապակայունացնող գործողությունները տարածաշրջանում», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը: