Պարգևներ գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2023 թվականի ընթացքում աշխարհի, Եվրոպայի և միջազգային տարբեր մրցաշարերում աչքի ընկած և մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մարզիկ-մարզիչներ (32 մարզիկ և 24 մարզիչ) արժանացել են դրամական պարգևների:
Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ընդգծել է, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու են սպորտային ոլորտը ավելի զարգացնելու համար։ Քաղաքապետը խոսել է նաև սպորտի թանգարան ունենալու ծրագրի մասին։ Մարզիկների գրանցած հաջողությունների և արդյունքների մասին խոսել ու շնորհավորանքի իր խոսքն է հղել Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը: Հանդիպման ընթացքում պատվոգրերի են արժանացել նաև տարվա լավագույն մարզական հաստատություններ ճանաչված հետևյալ կառույցները. «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրու մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ, Շ.Մ Մարզական բարձրագույն վարպետության մարզադպրոց ՊՈԱԿ, Գյումրու Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ ՊՈԱԿ, ԿԳՄՍ Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ, «Հայաստան» ՄՀԿ Գյումրու բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց:
Մարզիկների և մարզիչների պարգևատրման համար Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել էր մոտ 19 մլն 130.000 դրամ։