Նիգերիայում քոչվոր անասնապահները սպանդ են իրականացրել 15 գյուղում և սպանել առնվազն 140 մարդու
Նիգերիայի գյուղերից մեկում երեք երեխաների մայրը՝ Գրեյս Գոդվինը, սնունդ էր պատրաստում Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ ամուսինը վազել է խոհանոց և հրամայել իրեն ու երեխաներին վազել և թաքնվել թփերի մեջ, քանի որ մոտակա գյուղերից մեկում զինված տղամարդիկ էին նկատվել։ Գրում է Reuters-ը:
Շուտով կրակոցներ են լսվել: Դա սկիզբն էր ենթադրյալ քոչվոր անասնապահների կողմից մի քանի ժամ տևած հարձակման, որոնք կիրակի օրը ավերել էին կենտրոնական Պլաթո նահանգի 15 գյուղեր՝ սպանելով առնվազն 140 մարդու հրացաններով և մաչետներով:
Դա ամենաարյունալի բռնությունն էր 2018 թվականից ի վեր, երբ ավելի քան 200 մարդ սպանվեց Նիգերիայի կենտրոնական շրջանում, որտեղ հաճախակի բախումներ են տեղի ունենում հովիվների և ֆերմերների միջև:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դրդել արյունալի հարձակմանը, սակայն բռնությունը տարածաշրջանում, որը հայտնի է որպես «Միջին գոտի», հաճախ բնութագրվում է որպես էթնո-կրոնական, որտեղ հիմնականում մահմեդական ֆուլանի հովիվները բախվում են քրիստոնյա ֆերմերների հետ:
Փորձագետներն ասում են, որ կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսության ընդլայնումը մրցակցություն են ստեղծում հողի համար՝ ֆերմերներին և անասնապահներին մղելով հակամարտության:
Քոչվոր հովիվները գալիս են հյուսիսային Նիգերիայից, որը դառնում է ավելի չոր և ավելի ու ավելի հակված երաշտի և ջրհեղեղների: Սա ստիպում է նրանց ավելի հարավ գնալ, որտեղ ֆերմերները մեծացնում են արտադրությունը բնակչության արագ աճի պատճառով, փոխանցում է news.am-ը։