Վերանայվել են ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերը՝ համապատասխանեցնելով եվրոպական նոր չափանիշներին, ներդրվել են նորերը. Սուրեն Պապիկյան
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ ներկայացվել ու բավարար է գնահատվել ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը, հաստատվել են ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվն ու ներկայացված պայմանագրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը:
«Անցած ուսումնական տարում շարունակվել ու մեկնարկել են տարբեր ծրագրեր՝ ուղղված ԵՊՀ-ում կրթության որակի բարձրացմանը, գիտահետազոտական աշխատանքների խթանմանն ու միջավայրի լավարկմանը։ Մասնավորապես, վերանայվել են կրթական բոլոր ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական նոր չափանիշներին, ներդրվել են նորերը։ Ծրագրերից 4-ը ստացել են միջազգային հավատարմագրում։
Իր գործունեությունն է սկսել ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը։ Մեկնարկել է 710 մլն ՀՀ դրամ ընդհանուր ֆոնդով 28 նոր գիտական դրամաշնորհային ծրագիր, տպագրվել է 1494 գիտական հոդված, որոնցից 243-ը ինդեքսավորվող «Scopus» շտեմարանում ընդգրկված միջազգային հեղինակավոր հանդեսներում, ձեռք են բերվել 1,2 մլրդ ՀՀ դրամի համարժեք գիտական սարքավորումներ, վերանորոգվել են 27 լսարան, 3 լաբորատորիա և 18 աշխատասենյակ։
Անցած տարվա ընթացքում 10 %-ով բարձրացվել են բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, հավելյալ 10 %-ով էլ՝ պրոֆեսորադասախոսական աշխատակազմի աշխատավարձերը։
Բացի դրանից՝ աշխատակիցներին տրվել է հիմնական աշխատավարձի 100 և 50 %-ի չափով միանվագ պարգևատրում։ 2024 թվականին նախահաշվով ևս նախատեսված է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 10 %-ով, ինչպես նաև տարեվերջյան 13-րդ աշխատավարձ ու ամռանը վճարվող 50 %-ի չափով պարգևատրում»,- գրել է նա։